Ավելին 4 տարի առաջ - 13:55 07-06-2022

VK-ի թոփ-մենեջերներ Վլադիմիր Գաբրիելյանը և Սերգեյ Մերզլյակովը զոհվել են Նենեցյան ինքնավար օկրուգում

VK-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և գնումների գծով տնօրեն Սերգեյ Մերզլյակովը զոհվել են «ողբերգական միջադեպի հետևանքով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ընկերության հայտարարությունը։

«Մենք սգում ենք նրանց հարազատների, մտերիմների և ընկերների հետ: Վլադիմիրն ու Սերգեյը ընդմիշտ կլինեն մեր թիմի կազմում»,- ասվում է VK-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գաբրիելյանն ու Մերզլյակովը անհետ կորել են Նենեցյան ինքնավար օկրուգում (ՆԻՕ)։

Ինչպես հաղորդվում է «ՆԻՕ-ի եղջերապահների միության» VKontakte-ի էջում, հունիսի 6-ին, ժամը 17:30-ի սահմաններում, երկու «Շերպ» ամենագնացներ, որոնք Սպիտակ ծովի ափով շարժվում էին դեպի Կանին Նոս հրվանդան, շրջվել են Բոլշայա Բուգրյանիցա գետն անցնելիս, Շոյնա գյուղից 47 կիլոմետր հեռավորության վրա, «նրանց տարել է ծովի հորձանուտը»։

Ամենագնացներից մեկում գտնվող Ալյոնա Գաբրիելյանն ու Սերգեյ Օլսևիչը փրկվել են, իսկ երկրորդ ամենագնացում գտնվող Վլադիմիր Գաբրիելյանն ու Սերգեյ Մերզլյակովը անհետ կորել են։

Չորս օր առաջ Գաբրիելյանը VKontakte-ի իր էջում դժվարին տեղանքով «Շերպ» ամենագնացներով ճանապարհորդության տեսանյութ է տեղադրել։ Որտեղ է այն տեսագրվել, Գաբրիելյանը չի նշել, գրում է RBК-ն:

Հունիսի 7-ի առավոտյան Baza-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Գաբրիելյանի և Մերզլյակովի դիերը հայտնաբերել են փրկարարները։