Երևան +24°
copy image url
Մշակույթ Ավելին 2 տարի առաջ - 20:43 04-06-2022

Դերբենդի հայկական եկեղեցին նախագծել է Գաբրիել Սունդուկյանը

Վերջերս ռուսական մի հեռուստաալիքով հաղորդում էր Դաղստանի գորգի և դեկորատիվ կիրառական արվեստի թանգարանի մասին։ Այս թանգարանը ուշադրությունս գրավեց ու հետաքրքրեց մի պարզ պատճառով։ Այն գտնվում է Դերբենդի հայկական եկեղեցում։

Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին գտնվում է Ռուսաստանի Դաշնության Դերբենդ քաղաքում։ Քրիստոնեական այս կառույցի շինարարությունը սկսվել է 1860 թվականին` ցարական կառավարության կողմից Հարավային Դաղստանի ղեկավար նշանակված գեներալ-լեյտենանտ Մ. Տ. Լորիս-Մելիքովի աջակցությամբ:

Դերբենդի հայկական թաղամասում այն կառուցվել է հին հայկական եկեղեցու հարևանությամբ, որն այլևս չէր կարողանում տեղավորել և սպասարկել օրեցօր աճող հայ համայնքի քրիստոնյա բնակիչներին: Հին եկեղեցին տրվել է ծխական դպրոցին, իսկ նոր շինությունը դռները բացել է 1872 թվականին: Նոր ու գեղեցիկ այս եկեղեցում տեղավորվել են շուրջ 1000 հավատացյալներ։

Ինձ համար ամենահետաքրքիրն այս ամենի մեջ այն է, որ եկեղեցին նախագծել է հայ ռեալիստական գրականության, մասնավորապես` դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը, որը Սանկտ Պետերբուրգից աքսորվել էր Դերբենդ՝ իր հեղափոխական հայացքների համար: Դերբենդում գտնվելու 5 տարիների ընթացքում Սունդուկյանին հաջողվել է տաճարը կառուցել 8 հազար ռուբլով, որը հավաքել էին քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները:

Մի շարք զբոսաշրջային կայքերում տեղեկատվություն փնտրելիս պարզեցի, որ թանգարանի էքսկուրսիոն ծրագրում մանրամասն պատմում են, թե ինչպես է Սունդուկյանը հայտնվել Դերբենդում, ինչպես է նախագծել եկեղեցին, ցուցադրվում են լուսանկարներ, փաստաթղթեր ու նամակներ` հայ դրամատուրգի արխիվից։ Ցավոք, այդ ամենի մասին փաստագրական նյութեր ու լուսանկարներ չգտա։

Եկեղեցու վերին մասը կառուցվել է վաճառական Սերգեյ Կաչկաչովի միջոցներով, արևմտյան հատվածում գտնվող զանգակատունը 1888 թվականին ավելացվել է տեղի բնակիչ Հովհաննես Պանունցևի նվիրատվությամբ:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցված է հայկական ճարտարապետական ոճով։ Այն առանց էական շեղումների վերարտադրում է եկեղեցու խաչաձև-գմբեթավոր հորինվածքը, որը մշակվել է դեռևս 10-րդ դարում: Ունի խաչաձև գմբեթ։ Եկեղեցու բարձրությունը 15,7 մետր է։

Կառուցված է տաշած կրաքարային ժայռերից, իսկ պատերը գաջից են։ Եկեղեցու գմբեթի վրա կանգնեցված է հայկական խաչ, որը ցույց է տալիս Հայ Առաքելական եկեղեցու պատկանելությունը։
Մուտքի մոտ նույնպես պատկերված է հսկայական խաչ։ Եկեղեցին ունի խաչաձև պատուհաններ, որոնք լուսավորության գլխավոր միջոցն են։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եկեղեցին տարբեր ժամանակներում ծառայել է որպես ախոռ, ապա` պահեստ, 1950-1960-ականներին այն օգտագործվել է քաղաքային ավտոկայանի համար:
1976-1982 թվականներին եկեղեցին վերականգնվել և ստացել է իր նախնական տեսքը: Միայն հատուկ պահպանվել և վերականգնվել են 20-րդ դարի սկզբին քաղաքացիական պատերազմի ընթացքում շինության պատերի մոտ տեղի ունեցած ծանր մարտերի ընթացքում փամփուշտներից և արկերից վնասված հատվածները։

Ներկայումս տաճարի ներսում գործում է Դերբենդի պետական​​պատմական, ճարտարապետական ​​ ևարվեստի արգելոց- թանգարանի մասնաճյուղը` Գորգերի և դեկորատիվ արվեստի թանգարանը, որտեղ ցուցադրվում են Դաղստանի գորգագործության, արհեստագործության լավագույն նմուշները։

2003-ին Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։

2009 թվականից եկեղեցում տեղ է հատկացվել կրոնական ծեսեր իրականացնելու համար։ Քահանա Տեր-Սարգիս Պողոսյանը պարբերաբար գալիս է Դերբենդ և հայ համայնքի քրիստոնյաների համար իրականացնում մկրտության և հարսանեկան արարողություններ:

Ֆոտոշարք

adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
21:29 Աշխատանք և մամայություն․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ
18:30 Դավթաշենում 5-րդ հարկից շանը ցած են շպրտել, կենդանին սատկել է. 8 ձագերը որբ են մնացել. տեսանյութ
16:15 Քյար չկա՞. 5 օր է՝ մեքենան փակել է ճանապարհը, պարեկները չեն տեսնում