Դատախազությունը կրկին չի հաստատել ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի և նրա թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցում են, որ գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին:
Արշակ Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ դատախազությունը գործը ետ է ուղարկել մեղադրական ապացույցների կատարյալ բացակայության պատճառաբանությամբ։ Փաստաբանի խոսքով՝ Հակոբյանին անհիմն են պահում կալանքի տակ․ «Կալանքի տակ են պահում, ես ամենասկզբից ասում էի, որ անհիմն է նրան կալանքի տակ պահելը։ Դատախազության այդ որոշումը միանշանակ նշանակում է, որ երբ այս գործը գնա դատարան, այնտեղ փլվելու»։ Փաստաբանը նշեց, որ նախաքննության ընթացքում Հակոբյանի նկատմամբ երեք անգամ է քննչական գործողություն իրականացվել՝ հարցաքննություն, առերեսում ողջ ընթացքում ընդհանրապես չի եղել․ «Իր դեմ ցուցմունք տվող չկա, մենք հատուկ միջնորդել էինք քննչական մարմնին, որ կատարվեն առերեսումներ, եւ հստակ արձանագրված է, որ Արշակ Հակոբյանի դեմ կամ նրա ցուցմունքին հակասող ցուցմունք տվող անձ չկա գործում։ 100-ից ավելի վկա է հարցաքննվել, 97-ը արդարացնող է, երեքը՝ չեզոք։ Չեզոք ասելով նկատի ունեմ, որ այդ 3-ը չէին ճանաչում Արշակ Հակոբյանին»։
Հարցին, թե ինչու դատախազությունը չի վերացնում խափանման միջոցը, երբ գործը ետ է ուղարկում ապացույցների բացակայության հիմքով, պատասխանեց՝ այդ հարցը պետք է տալ դատախազությանը․ «Ես էլ եմ դա ասում, ես ենթադրություններ չեմ ուզում անել»։
Հիշեցնենք՝ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2011թ.-ին ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող, 75 000 000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առքուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3 000 000 ՀՀ դրամ: Բացի դրանից՝ Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ.-ին 120 000 000 ՀՀ դրամով ու 204 250 000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները՝ դրանք նվիրատվության և առքուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը:
Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017 թ. 47 855 000 ՀՀ դրամին համարժեք 100 000 ԱՄՆ դոլարով գնել է նույն թվականի արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 27 մլն ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը: Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: