Ներքին 4 տարի առաջ - 15:26 30-04-2022

Բարձր ենք գնահատում ՀՀ անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Վրաստանի ԱԳ նախարար

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները քաղաքական եւ տնտեսական զարգացման մեծ ներուժ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարեց առաջին անգամ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին՝ ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները:

«Նշեցինք, որ երկրների միջեւ առկա է քաղաքական եւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Առեւտուր, տրանսպորտ, էներգետիկա, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն. սրանք այն ոլորտներն են, որոնք կարեւոր դեր են խաղում մեր երկկողմ հարաբերություններում», - շեշտեց Վրաստանի նախարարը:

Խոսելով երկկողմ հարաբերությունների պատմության մասին՝ Իլիա Դարչիաշվիլին հիշեցրեց, որ 2022 թվականին Վրաստանն ու Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը երկու երկրներում նշվում է համապատասխան միջոցառումներով: ՆԱ մեկտեղ շեշտեց՝ սակայն մեր երկրների պատմական եւ բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն:

«Վստահ եմ, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցությունը նույն ձեւով կշարունակվի: Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարեւոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջեւ, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները եւ օգտվել հնարավորություններից», - նշեց Դարչիաշվիլին:

Վրաստանի արտգործնախարարի խոսքով՝ իր հայ գործընկերոջ հետ մանրամասն քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները եւ երկու երկրների համատեղ ջանքերն ուղղված այդ մարտահրավերներին:

«Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը խոսում է երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասին», - հայտարարեց նա:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին շեշտեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա է քաղաքական երկխոսություն, իսկ փոխգործակցությունը երկրների միջեւ, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում, բարձր մակարդակի վրա է:

Հանդիպման ընթացքում նախարարներն առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել հարավկովկասյան տարածաշրջանի տարանցիկ ներուժին: Դարչիաշվիլիի խոսքով՝ դա «կրիտիկական» նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլեւ՝ Հայաստանի համար:

«Ընդգծվել է, որ կողմերը կաջակցեն տարանցիկ նոր նախագծերին՝ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները: Տնտեսական համագործակցության առումով կարեւոր ենք համարում առկա ներուժի լիարժեք իրացումը: Ուրախ եմ, որ երկկողմ տնտեսական հանձնաժողովի նիստերը պարբերաբար անցկացվում են: Մենք ապագայում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել: Ես խորապես վստահ եմ, որ մեր հետագա հարաբերությունները կշարունակվեն լավագույն ավանդույթներին համապատասխան», - հավելեց Վրաստանի արտգործնախարարը:

Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար ու նաեւ իր պատրաստակամությունը հայտնել Միրզոյանին հարմար ժամանակահատվածում հյուրընկալելու նրան Թբիլիսիում:

Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին: Ապրիլի 30-ի առավոտյան ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարարի հետ, որից հետո նրանք հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ:


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի