Արտաքին 4 տարի առաջ - 16:47 24-04-2022

Ցեղասպանության ճանաչման գործում միջազգային հանրությունը ցուցաբերում է առանցքային նշանակություն ունեցող համերաշխություն. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և Հայոց ցեղասպանության զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:

1915-1923թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին, հարյուր հազարավորները զրկվեցին իրենց տնտեսական, կրթական և հոգևոր սեփականությունից։

Ի հեճուկս բոլոր զրկանքների և դժվարությունների՝ հայ ժողովուրդը համազգային համախմբման, տարբեր ժողովուրդների, հասարակությունների և անհատների մարդասիրական աջակցության շնորհիվ վերապրեց և հաղթահարեց ցեղասպանության արհավիրքը, հաջողեց աշխարհի տարբեր երկրներում կազմել համայնքներ, պահպանել և ամրապնդել իր ազգային ինքնությունն ու ամենակարևորը՝ վերակերտել իր անկախ պետականությունը:

Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց կարևոր է արձանագրել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում միջազգային հանրությունը ցուցաբերում է առանցքային նշանակություն ունեցող համերաշխություն, որի դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից համապատասխան հռչակագրերի և բանաձևերի ընդունումը։

Կարևոր է նաև արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպես նաև առհասարակ աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։

Երիտթուրքական կառավարության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։

«Հանցանքների հանցանքը»՝ Ցեղասպանությունը, շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում՝ խլելով հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցանքների կանխարգելման գործին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել