Ներքին 4 տարի առաջ - 11:36 16-04-2022

SOS Արցախ

Արցախը SOS է հնչեցնում՝ դիմելով աշխարհի համայն հայությանը որպես վերջին փրկության կանչ: Այդ կանչը հնչում է Ազգային ժողովի ամբիոնից՝ արցախահայության ընտրյալների շուրթերով: Արցախը երբեք իրեն այդքան մենակ ու անպաշտպան չի զգացել պատմության մեջ՝ ինչպես այսօր: Անգամ 1988 թվականին այդքան տագնապած ու հուսահատ չի եղել, երբ հեռանկարում տեսնում էր արցախահայության տեղահանության, ցեղասպանության վտանգը: Իսկ այսօր այդ վտանգը շոշափում է և զգում, թե որքան դիպուկ ու անխուսափելի է մոտենում:

1988-ին Հայաստանի իշխանությունները չէին պատրաստվում Ադրբեջանի հետ դաշինք կնքել, համաձայության գալ՝ Արցախն ու արցախահայությանը ոչնչացնելու: Այն ժամանակ մեկ կողմ կար՝ Ադրբեջանը, իսկ հիմա նաև Հայաստանն է, և պատրաստվում են երկկողմանի փաստաթուղթ ստորագրել՝ Արցախին չգոյության դատապարտելու:
Արցախը ոչ միայն մենակ է ու կրակի օղակի մեջ առնված, այլև՝ դավաճանված Մայր հայրենիքի նորաթուխ իշխանությունների կողմից համասեռ ու միատարր կերպով, և նրանց մեջ չկա գոնե մեկ տարաձայնություն ու կասկածի նշույլ: Հուդայաբար մատնում են Ադրբեջանի ձեռքը՝ Արցախը խաչ հանելու:

Ինչպես Հուդան քահանայապետի զինված մարդկանց բերեց Գեթսեմանի այգի, այնպես էլ Հայաստանի իշխանավորներն են Արցախը տալիս ադրբեջանցիների ձեռքը, չգիտեմ, 30 թե 300 արծաթ ու ոսկով, կամ գուցե ուղղակի՝ անշահախնդիր նվիրատվությամբ: Սարսափելի զուգադիպությունն այն է, որ այս դեպքում էլ ձևացնում են, թե համբուրում են Արցախին հանուն սիրո: Երկու դեպքում էլ համբույրով են մատնում: Գուցե մերձավորներին մատնելու կարգն է այդպիսին:

Արցախը համբույրի կարիք չունի՝ ո՛չ դավաճանության, ո՛չ էլ սիրո: Համայն հայության ամուր ձեռքերի կարիքն ունի՝ բռնելու և թույլ չտալու, որ մատնվի կորստյան: Արցախն ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու վաղը համազգային գոյապահպանման խնդիր է: Ինչպես մեկին գումարած մեկ՝ պատասխանն իմանալու պես, գիտենք, որ Արցախից հետո կամ համընթաց՝ Սյունիքն է, որտեղ ներկա է թշնամին շուրջ մեկ տարի:

Այդպես հոշոտելու հերթականությունն ամեն հայ անգիր գիտի, եթե ոչ գիտակցաբար, գոնե շնչառությամբ զգում է թուրքի ծրագրի գարշահոտը: Եթե անգամ այսօր խաղում ենք այն դերը, թե համբուրելով ենք մատնում Արցախը թշնամու ձեռքը՝ խաչ հանելու համար, վաղը հասկանալու ենք, որ այդ համբույրն ինքնախաբեություն էր ուղիղ կերպով, շպրտելու ենք արծաթները տվողի երեսին և գնալու ենք ու կախվենք: Որովհետև այդ համբույրը սեփական ձեռքերով կախվել է նշանակում:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը