Միտք 4 տարի առաջ - 23:28 13-04-2022

Միջազգայի՛ն հանրություն, ո՞վ ես դու

Վարչապետ Փաշինյանի այսօրվա զեկույցում կար մի ուշագրավ բլեֆ. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»: Իրականում այսպիսի բան չկա, բլեֆ է, կեղծ ուղերձ՝ քաղաքական համայնքին, ժողովրդին։ Մյուս կողմից՝ բլեֆը վերագրելով «միջազգային հանրություն» կոչվող սուբյեկտին, փորձ է արվում քողարկել, թե որ պետություններն են իրականում այդպիսի բան ասում մեզ։

Քաղաքական-պետական բարձր պաշտոն զբաղեցրած յուրաքանչուր ոք կվկայի, որ 1991-ից մինչև մեր օրերը հայ պաշտոնակցի հետ զրուցող ամերիկյան կամ եվրոպական պաշտոնյայի առաջին հարցն այս է. «Խորհրդային բռնազավթումից ազատագրված որոշ երկրներից դուրս են եկել ռուսական զորքերը։ Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանից ռուսական զորքերի հեռանալուն»։ Այս հարցից հետո են քննարկվում ժողովրդավարությանն առնչվող հարցեր՝ համակարգային բարեփոխումներ, մարդու իրավունքներ և այլն։ Քաղաքական-պետական բարձր դիրք զբաղեցրած յուրաքանչյուր ոք կվկայի, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան Հայաստանին բազմիցս առաջարկել են «միջազգային մեծ կոնսոլիդացիա» ապահովել, երբ ՀՀ-ն օրակարգ կբերի Հայաստանից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը։ Եթե ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտում է մնում, ապա նրա համար «միջազգային մեծ կոնսոլիդացիա» ապահովելու թեմա չկա։

Դիտարկենք Հայաստան-Արցախին վերաբերող մի քանի համեմատաբար թարմ դրվագներ, որպեսզի պարզենք, թե միջազգային հանրություն կոչվածի մեջ ով ում բարեկամն է։ Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդականը ՀՀ-ին առաջարկեց ամերիկյան սպառազինություն, եթե ՀՀ-ն վերանայի միայն ՌԴ-ից զենք գնելու պայմանավորվածությունը, սակայն ՀՀ-ն չընդունեց։ 44-օրա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ-ն մերժեց Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերը Ժնև՝ նախընտրելով հաջորդ օրը բանակցել Մոսկվայում Լավրովի հետ։ Այնուհետև ՀՀ-ն իր և Արցախի անունից պնդեց, որ Արցախում տեղակայվեն ռուսական խաղաղապահներ ու մերժեց սկանդինավյան երկրներից խաղաղապահ առաքելության ներգրավման մասին ամերիկյան առաջարկը։ Հետո ՌԴ նախագահը հորդորեց, որ Շուշին հանձնենք, որից հետո գրեց Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի տեքստը, որից հետո ՌԴ-ն, Թուրքիան և Ադրբեջանը հայտարարեցին, որ Ղարաբաղի հարց չկա։ Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարեցին, որ ԼՂ հարցը պիտի կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով։ Իսկ օրեր առաջ ռուս խաղաղապահն արգելեց ՀՀ պատգամավորի մուտքն Արցախ։ Այս շարքը դիտելիս դժվար չէ նկատել, որ միայն ՌԴ-ն, նրա 101-ամյա եղբայր Թուրքիան և նրա նորաթուխ դաշնակից Ադրբեջանը կարող են մեզ ասել․ «Մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։

Իսկ վարչապետի այս բլեֆն ունի՞ թիրախ։ Իշխանությունների քաղաքականությունը քննադատող ուժերը կասկածում են, որ ՀՀ իշխանությունը ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի «հորդորով» արդեն իջեցրել է «նշաձողը»։ Եթե ժողովուրդն էլ ընկրկի վարչապետի այսօրվա բլեֆի առաջ ու իր հերթին իջեցնի նշաձողը, ապա վարչապետը կարող է «նշաձողն իջեցնելու» պատասխանատվությունն ու մեղքը կիսել ժողովրդի հետ և շարունակել անցնցում կառավարել մինչև նոր աշխարհակարգի ձևավորումը։


Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի