Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 11:34 02-04-2022

Կորցրած ոտքի գրականությունը. Արամ Ավետիսի «Կույր կետադրությունը» վերահրատարակվում է չորրորդ անգամ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրող Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» ժողովածուն վերահրատարակվել է չորրորդ անգամ: Սա վկայում է տպաքանակի սպառման, գրքի հանդեպ հետաքրքրության մասին: Հեղինակի հետ զրուցել ենք ժողովածուի հաջողության, ընթերցողի, գրքի միջոցով արտահայտված բողոքի և այլ հարցերի շուրջ: Տարբեր առիթներով Արամ Ավետիսը նշել է, որ գիրքը խիստ հակասական գնահատականների է արժանացել ընթերցողների կողմից, բայց չորրորդ անգամ դրա վերահրատարակումը նաև գրքի հաջողության մասին կարող է վկայել:

Նրա կարծիքով, գրքի հաջողությունը կախված է գրողի՝ իր գործին վերաբերվելու ազնվությունից: «Ոչ թե անկեղծությունից, այլ հենց ազնվությունից: Իր մտքերում գրողը կարող է անկեղծ չլինել, նա կարող է չափազանցնել կամ նույնիսկ սուտ խոսել, բայց այդ ամենը նա պետք է ազնիվ անի, ասել է թե՝ հավատա ինքն իր ստին և հորինվածքին: Եվ այդ հավատը ներշնչի նաև ընթերցողին: Ընթերցողը կարող է համաձայն չլինել այդ տեսանկյան հետ, բայց նա պետք է զգա, որ գրողն ազնիվ հավատում է իր մտքերին և հենց այդպես էլ վերաբերվում է իր գործին: Սուտ աշխարհ ստեղծելու ազնիվ մղումն է ստեղծում գրականություն: Գրականությունն իրականության արտացոլումն է, բայց հակասում է այդ իրականությանը, գրականությունը հորինվածքի արտացոլումն է, բայց հակասում է նաև այդ հորինվածքին: Գրականությունը ընթերցողի աշխարհն է և հակաաշխարհը: Գրականությունը այն ուժն է, որ ձգտում է փոխարինել իրենով կյանքը և դրանով իսկ դառնում ռեալ կյանքի մահը: Պատահական չէ, որ այն մարդիկ, որոնք ոչինչ չգիտեն գրականության մասին, հորդորում են քիչ կարդալ, որպեսզի իրականությունից չկտրվեն: Իսկ որտե՞ղ է իսկական իրականությունը՝ գրքերո՞ւմ, թե՞ գրքերից դուրս կյանքում: Այն դեպքում, երբ իսկական իրականությունն այն գրքերում է, որոնք ստեղծել են մարդկության պատմության մեջ ամենաերևելի երազողները: Եվ կա՞ արդյոք ավելի ռեալ կյանք, քան երազը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Արամն՝ ընդգծելով. «Իմ գրքի հաջողությունն այն է, որ ես ազնիվ հավատում եմ իմ սուտ երազներին»:

Գրքի տոնին կամ էլ այլ օրերի գրախանութներում կարող ենք նկատել գիրք գնող մարդկանց, կարծես թե վերադառնում է նաև իրար գիրք նվիրելու ավանդույթը: Իրական, մտածող ընթերցողներ ունենալը ևս կարևոր է, որոնք ուղղակի չեն ընթերցում կամ գիրքը խնամքով պահում պահարանում, այլ կարողանում են եզրակացություններ անել, քննադատական միտք ձևավորել: «Մտածում եմ, որ քննադատել ու եզրակացություններ անողներ, իհարկե, ունենք, բայց գրականությունը մի կենդանի օրգանիզմ է, որի որովայնում սարդոստայնի պես խաչված աղիքներ են գործում: Այսինքն՝ խոսելով մի գրքի մասին, պետք է հիշենք ևս մի քանի տասնյակ գիրք, և խոսելով հերոսի մասին՝ պետք է օրինակ բերենք ևս մի քանի հերոսի, որովհետև կոնկրետ ժամանակաշրջանում գրված մտքերը և տրամադրությունները իրար հետ մի ընդհանուր գիծ ունեն: Քննադատը պիտի լարախաղաց լինի, բայց, ի տարբերություն լարախաղացի, որը մեկ լարի վրա է աշխատում, նրա ոտքերի տակ հազարավոր լարեր կան, և այդ լարերը, ի տարբերություն լարախաղացի լարի, հոսանքի լարեր են: Նա պետք է զգա իր ոտքերի տակ ժամանակի հոսանքը և, մի գրքից ցատկելով մյուսի վրա, վերջապես մոտենա այն գրքի եզրին, որի մասին ուզում էր հենց եզրակացություններ անել»,-նշում է մեր զրուցակիցը: Գրողը նշում է՝ քանի որ ապրում ենք չորս կողմից փակ երկրում, և մեր լեռներից այն կողմ մեր աչքը չի տեսնում, ամեն գիրք քննադատվում և ուսումնասիրվում է մեր լեռների կոնտեքստում: «Մեր ներսի հայկական լեռներն են այսօրվա գրքի քննադատները: Եվ դա է ժամանակակից ընթերցողի և, ցավոք, նաև գրողների ամենամեծ դժբախտությունը»,-ասում է «Կույր կետադրության» հեղինակը: Արամ Ավետիսը տարբեր հարցազրույցներում նշում է, որ իր այս գիրքը բողոք է ստանդարտ գրականության, սահմանումների դեմ: Հարցնում եմ՝ ի՞նչ է կարծում՝ իր բողոքը տեղ հասե՞լ է, ինչ-որ բան փոխվե՞լ է այն ամենում, ինչը Ձեզ նյարդայնացնում էր, գուցե բարկացնում է նաև հիմա:

«Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», և կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար, ասում է Մատթեոս առաքյալը:
Բոլոր մեծ գրողները սարի չափ հավատ և հանճար ունենալով՝ չկարողացան նույնիսկ մի մանանեխի հատիկ տեղափոխել այս մարդկության պատմության մեջ: Ամեն օր ավելի ու ավելի եմ հավատում իմ այն մտքին, որ գրականությունը ստեղծվել է խուլ, համր և կույր կապիկների առօրյան լցնելու համար»,-հարցիս այսպես է արձագանքում Արամը: Ի դեպ, հավատի մասին: 2020 թ.-ի պատերազմից հետո շատերի մոտ կա հուսահատություն, որ ամեն ինչ իզուր է, ինչ-որ բան անելն իմաստ չունի: Բայց ցանկացած նոր բանի ստեղծումը վաղվա օրվա հույսն է, ներկան ու ապագան իրար կապող թելը: Նոր գրքերի լույս ընծայումը կամ գրքի վերահրատարակումը և՞ս նման քայլ է:
«Իմ գրականությունը ինքնին հակասում է հույս բառին: Պատերազմից հետո շատերն առանց ոտք վերադարձան, և իմ գրականությունը քայլ չէ: Իմ գրականությունը իմ ներքին ռումբերից պոկված այն ոտքն է, որ հարվածում է բոլոր չինովնիկների և քաղաքական գործիչների ամորձիներին, որոնք այսքան կտրված ոտքերի մեջ դեռ շարունակում են հույսի մասին խոսել: Իմ գրականությունը իմ կորցրած ոտքի փնտրտուքն է»,-եզրափակում է Արամ Ավետիսը:


Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են