ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում հայ-թուրքական ընթացիկ բանակցություններին նվիրված աշխատաժողով էր կազմակերպվել
copy image url

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում հայ-թուրքական ընթացիկ բանակցություններին նվիրված աշխատաժողով էր կազմակերպվել

Ներքին 3 տարի առաջ - 00:16 09-03-2022

Թեեւ արդեն մի քանի օր է՝ բոլորի ուշադրությունը հասկանալի պատճառներով Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա է կենտրոնացած, մեր տարածաշրջանի զարգացումները չեն կորցնում իրենց արդիականությունն ու առաջնայնությունը։ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական հատուկ օպերացիա սկսելու օրը Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Վիեննայում կայացած երկրորդ հանդիումը ստվերում մնաց, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացիկ բանակցությունների շուրջ քննարկումները պասիվացել են առհասարակ, այնինչ Արեւելյան Եվրոպայում իրավիճակի կտրուկ ապակայունացումը հենց հայ-թուրքական հարաբերությունների համար, գուցե, նոր միջավայր եւ իրողություններ ստեղծեն առաջիկայում։ Հետեւաբար, հայ-թուրքական ընթացիկ բանակցությունների խորքային, ակադեմիական ուսումնասիրություններն առկա հնարավորությունների եւ հատկապես ռիսկերի գնահատման, բազմաթիվ անորոշ հարցերի շուրջ հնարավորին չափ որոշակիություն ձեւավորելու տեսանկյունից առավել քան անհրաժեշտ են։

Մարտի 7-ին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում կայացած աշխատաժողովը հենց հայ-թուրքական ընթացիկ բանակցություններին էր նվիրված՝ նպատակ ունենալով քննարկման առարկա դարձնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդեն 4-րդ փորձի հիմքում ընկած գործոնները։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը, Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Լեւոն Հովսեփյանը, առաջատար գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը եւ այլ մասնագետներ իրենց ելույթներում եւ հարցուպատասխանի ձեւաչափում հնչեցրած դիտարկումներում անդրադարձ կատարեցին ոչ միայն ընթացիկ եւ 2007-2009թթ․ գործընթացի մի շարք տարբերություններին ու դրանց մեկնարկային՝ միմյանցից տարբերվող պայմաններին, այլ նաեւ տարածաշրջանային իրավիճակի փոփոխությանը, Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականության ազդեցությանն ու առկա պայմաններում գործընթացի հեռանկարներին եւ ռիսկերին, որոնց Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներն իրենց տարբեր ուսումնասիրություններում են նաեւ անդրադարձել: Եթե փորձենք ամփոփել եւ մեկտեղել հայ-թուրքական ներկա գործընթացի տեսանկյունից առկա առանցքային իրողությունները, ապա պետք է նկատել հետեւյալը․

1․ Եթե 13 տարի անց Թուրքիան կրկին որոշել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձ կատարել, ապա ունի իր տեսանկյունից հստակ ձեւակերպված նպատակներ եւ դրանց հասնելու ուղղությամբ մշակված խորքային ռազմավարություն՝ հատկապես հաշվի առնելով մեր տարածաշրջանում Թուրքիայի ներգրավվածությանը նկատելի աճն ու այն ընդարձակելու շարունակական քաղաքականությունը։

2․ Թուրքական կողմը, հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման նախորդ 3 փորձը, այս անգամ առավել պատրաստված եւ արդյունքի հասնելու հարցում առավել տրամադրված է մոտեցել գործընթացին։

3․ Թուրքիան, այն էլ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով տարածաշրջանում իրավիճակի փոփոխության եւ Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացման պայմաններում, հենց այնպես Հայաստանին ոչինչ «չի տալու», եւ ցանկացած քայլ, որ, գուցե, կատարի ընդառաջ, իր հստակ գինն է ենթադրելու, չի գնալու որեւէ լուծման, եթե չստանա այն, ինչն իրեն անհրաժեշտ է։ Սա Հայաստանի համար մեկնարկային շատ ավելի անբարենպաստ պայմաններ է ստեղծում։

4․ Հետեւաբար, Թուրքիայի ընկալմամբ, այժմ Հայաստանի հետ հարաբերությունները սեփական շահերին համապատասխան կարգավորելու համար լավագույն պահն է։ Ելնելով այս տրամաբանությունից՝ հավանական է, որ Թուրքիան ամեն կերպ ձգտելու է մեկ փորձով լուծել իրեն հետաքրքրող բոլոր խնդիրները, իսկ դրանք հիմնականում պատմական անցյալին են վերաբերում՝ Հայոց ցեղասպանության հարցից, ըստ թուրքական ընկալման, բխող ռիսկերին, հայ-թուրքական սահմանի՝ Հայաստանի կողմից դե յուրե վերահաստատմանը եւ այլն։

5․ Չնայած պատերազմի հետեւանքով Արցախի տարածքների զգալի մասի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուն, Թուրքիան հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի բոլոր այն դիրքորոշումներին, որոնք հնչեցվում են Արցախյան հակամարտության վերաբերյալ, շեշտում նաեւ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող ցանկացած հարց Անկարան քննարկում է Բաքվի հետ։ Այս ամենին գումարվել է նաեւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրը, եւ դրա՝ Հայաստանի տարածքով բացման անհրաժեշտությունը բազմիցս թուրքական կողմը շեշտել է։ Սրանք հարցեր են, որոնք եւս բանակցությունների ժամանակ Թուրքիան կարող է առաջ քաշել։

6․ Այս գործընթացում կա նաեւ Էրդողանի անմիջական ներգրավվածությունը, ինչը լրացուցիչ է ընգծում բանակցություններում ցանկալի արդյունքի հասնելու կարեւորությունն ու Թուրքիայի լուրջ տրամադրվածությունը։ Եկող տարի Թուրքիայում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ներքաղաքական իմաստով կարող են լրացուցիչ դեր խաղալ այս տեսանկյունից։

7․ Հետեւաբար, եթե Թուրքիային տրամաբանորեն ձգտելու է ամեն կերպ օգտվել հարմար պահից եւ Հայաստանից ստանալ առավելագույնը, Հայաստանի գլխավոր նպատակը պետք է լինի հնարավոր բոլոր լծակներն օգտագործելով եւ դիվանագիտական առավելագույն ճկունություն դրսեւորելով հարաբերությունների հաստատման, սահմանի բացման հարցերը տարանջատել պատմական եւ Ադրբեջանին առնչվող խնդիրներից՝ թուրքական կողմին առաջարկելով մնացած բոլոր հարցերը քննարկել արդեն հաստատված հարաբերությունների պայմաններում։ Որքանով է իրատեսական սրա իրագործելիությունը եւ արդյոք Թուրքիան պատրաստ կլինի/կցանկանա շարժվել այդ տրամաբանությամբ՝ այն էլ հանուն ինչի, դժվար է ասել։

8․ Հնարավոր է, որ թուրքական կողմը փորձի ակտիվ գործածել փափուկ ուժի գործիքակազմը՝ բանակցությունները խորացնելու եւ Հայաստանի ունեցած կարմիր գծերը մեղմելու նպատակով, ինչը կրկին առավելագույնը ստանալու տրամաբանությունից է բխում։

9․ Թուրքիայում՝ հատկապես Հայաստանի հետ սահմանակից նահանգներում, Հայաստանի եւ հայության նկատմամբ երկարամյա քարոզչության ազդեցությամբ ձեւավորված կարծր բացասական վերաբերմունք է առկա, որի հաղթահարումը երկար ժամանակի հարց է։ Հետեւաբար, սա իր հերթին ռիկսեր կարող է առաջացնել հայ-թուրքական սահմանի ենթադրյալ բացման եւ երկու ժողովուրդների փոխհարաբերման պարագայում։

10․ Սահմանի ենթադրյալ բացումն իր հերթին տնտեսական ռիսկեր կարող է առաջացնել հայաստանյան շուկայի համար, որոնք զսպելու ուղղությամբ համակարգված քայլեր պետք է ձեռնարկվեն։