Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ Ուկրաինայի արագ անդամակցությունը ԵՄ-ին անհնար է։ Այդ մասին գրում է Ինտերֆաքսը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի կարող լուծվել մի քանի ամսվա ընթացքում։
«Եվրամիություն մտնելն այն բանը չէ, որ կարելի է անել մի քանի ամսում»,- ասել է նա։
Իր հերթին Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերն ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է անցնի համապատասխան ընթացակարգ՝ ներառյալ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները։
«Մեր նախագահողը մեկնաբանեց դա: Նա հստակ ասաց, որ Ուկրաինան ունի եվրոպական հեռանկար այն առումով, որ այն եվրոպական երկիր է: Եվ կա ընթացակարգ, որը, կարծում եմ, դուք շատ լավ գիտեք։ Խոսքը գնում է անդամակցության բանակցությունների մասին, որպեսզի կատարվեն անդամակցության պայմանները»,- ասել է Մամերը։
Միաժամանակ նա հավելել է, որ ԵՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրից դուրս։
Հիշեցնենք, որ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմում է Եվրամիությանն անդամակցելու համար։