Ներքին 4 տարի առաջ - 16:06 15-02-2022

Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազները հրապարակեցին մեղադրական ճառի եզրափակիչ մասը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը: Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ քրեական օրենսգրքի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքները:

«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները», - նշվում է մեղադրանքի մեջ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ և 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։

«Համոզված եմ, որ մեղադրանքը նույնիսկ պարզ չէ այն քննիչին, ում թելադրել են սա», - ասաց պաշտպանը։

Դատարանը 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները կարողանան ներկայացնել մեղադրանքում առկա անհստակությունների հետ կապված իրենց հարցերը:

Ընդմիջումից վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանն, ի նշան բողոքի, լքեցին դատական նիստերի դահլիճը։ «Ես ընդամենը պահանջում եմ պարզաբանել դատախազի կողմից ընթերցված մեղադրանքը։ Ի նշան բողոքի՝ ես ներկա չեմ գտնվի այսօրվա նիստին։ Առաջին օրվանից այս դատավարությունը ոչ մի ընդհանուր բան չունի դատական պրոցեսի հետ, բացի ինտերիերից», - հայտարարեց պաշտպան Ալումյանը, ինչից հետո Ալումյանն ու Խուդոյանը լքեցին նիստերի դահլիճը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան