Միտք 4 տարի առաջ - 14:50 09-02-2022

Էդ հացը ո՞նց եք մարսելու

Մարդկային պատմության գրեթե բոլոր հեղափոխությունները, եթե ոչ արտաքուստ, ապա խորքում ունեն սոցիալական խնդիր. վերականգնել արդարությունը, հավասարությունը, այսինքն՝ հասարակությունը չի ներում, չի հաշտվում սոցիալական անարդարության հետ: Նույնը տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականի գարնանը: Անկախ այդ թավշե հեղափոխության խորքում թաքնված պղտոր ու մութ միտումներից, ժողովուրդը դուրս եկավ հրապարակ՝ իր իրավունքների լիարժեք տերը դառնալու, այլևս նվաստացված ու ստորացված չապրելու, իշխանությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու բնական ու ինքնաբուխ մղումով: Ժողովուրդն արժանապատիվ ու բարեկեցիկ, ավելի լավ ապրելու իր վճռական կամքն արտահայտեց, ինչը միանշանակ հարգանքի արժանի կեցվածք է:

Սակայն Արցախը գրեթե կորցնելուց հետո սեփական անձի արժանապատվությունը գիտակցող ժողովուրդը չի մտաբերում հողի, հայրենիքի, ազգային արժանապատվության մասին: Գնում և նորից ընտրում է այն իշխանությանը, որի օրոք պարտվել և հայրենիքի մաս է կորցրել: Ընդունենք արդարացումը, որ պատերազմ էր՝ պարտվեցինք, առանց խորանալու դրա պատճառների ու հետևանքների մեջ: Թշնամին Հայաստանի սահմաններից ներս է մտել և առաջ է գալիս, երբ ցանկանում է: Գնում և նորից ընտրում ենք այդ թողտվությունն ստեղծած իշխանությանը: Դարձյալ արդարացնենք, որ թույլ ենք և ուժ չունենք՝ թշնամու դեմն առնելու:

Բայց երբ կոկորդ պատռելով ասում ենք, թե սահմանը բացեք, թող ադրբեջանական ՍՈԿԱՐ-ը գա և բենզալցակայան դնի, որ լավ ապրենք. այստեղ միակ արդարացումը կուշտ լինելն է: Արդյոք այս դեպքում կուշտ ապրելու մոլուցքն արդարացում ունի՞ և արժանապատիվ կեցվածք է, երբ մեր զինվորների աճյունները դեռ չենք գտել ու հողին հանձնել, երբ մեր ռազմագերիներին դատում են որպես հանցագործներ, երբ այդ երկրի ղեկավարը պարբերաբար մեզ ծաղրում ու սպառնում է, բռունցք է թափ տալիս, թե Սյունիքը, Սևանը և Երևանն իրենցն է ու պիտի գրավեն, երբ այդ երկրում պետական քաղաքականություն է հայերին վերջնականապես ոչնչացնելը:

Մենք, արժանապատվություն ասելով, հասկանում ենք կուշտ ապրել և պատրաստ ենք ցանկացած գին ու արժեք վճարել, լինի մի ամբողջ սերունդ, հայրենիք ու պետություն, թե հավատ ու Աստված: Էդ հացի վրա մի ամբողջ սերնդի արյուն է, հարենիքի կորցրած մաս և էլի մաս կորցնելու սպառնալիք: Էդ հացը ո՞նց եք մարսելու:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը