Ներքին 4 տարի առաջ - 20:33 08-02-2022

Բաքուն կոպիտ խախտում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման որոշումը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու մտադրության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․

«Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում:

Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանի կողմից պատմության կեղծումն ու մշակութային ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ կանոնավոր կերպով իրականացվող ավելի լայն հակահայկական քաղաքականության մաս են կազմում: Եթե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում պատմության և մշակույթի հետ մեքենայությունները ծառայում էին որպես արդարացում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայկական բնակչության բռնի տեղահանման համար, ապա հիմա դրանք միտված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ուժի ապօրինի կիրառման արդյունքների օրինականացմանը:

Ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ադրբեջանում հայկական ներկայության ոչնչացումը պատմության կեղծման, հայկական մշակութային կոթողների ոչնչացման և բնիկ տեղանունների անվանափոխման միջոցով, ըստ էության, Ադրբեջանի ագրեսիայի շարունակումն է այլ մեթոդներով:

Միջազգային հանրությունում և փորձագիտական շրջանակներում հստակ համոզմունք կա, որ մշակութային կոթողների ոչնչացումը ոտնձգություն է ժողովուրդների արժանապատվության, արժեքների և կատարելատիպերի նկատմամբ, որի նպատակն է քայքայել ազգի՝ պատմական փորձություններին դիմակայելու և զարգանալու ունակությունը: Հայկական պատմությանը և մշակույթին պատերազմ հայտարարելով՝ Ադրբեջանը հենց այդ նպատակն է հետապնդում:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն Արցախի ժողովրդին իր իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի իրավունքից զրկելու փորձ է, այլև մարտահրավեր միջազգային հանրության համար և սպառնալիք խաղաղությանը և անվտանգությանը: Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի, արձագանքելով հակամարտությունների ընթացքում մշակութային կոթողների դիտավորյալ ոչնչացման հաճախակի դարձած դեպքերին, մշակել է դիրքորոշում, ըստ որի՝ մշակութային օբյեկտների ոչնչացումը պատերազմական հանցագործություն է և հավասարեցվում է ահաբեկչական գործողություններին:

Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը կփոխակերպի հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է:Դրանք պաշտոնական Բաքվից պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով: Որոշումը պարտադիր ուժ ունի Ադրբեջանի համար: Բաքվի հրաժարումը կատարել այն ցուցադրում է Բաքվի մտադրությունը խափանել, թեկուզև տեղային մակարդակով, միջազգային հարաբերությունների համակարգը, որն ապահովում է միջազգային խաղաղություն և անվտանգություն:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները՝ պահպանելով և հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, և լիարժեք կերպով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը»,- ասվում է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ