Ներքին 4 տարի առաջ - 22:47 28-01-2022

Հայոց բանակը վայելել է և պետք է շարունակի վայելել մեր ժողովրդի անվերապահ աջակցությունը և վստահությունը․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր մենք նշում ենք Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը:

Ոչ վաղ անցյալում մեզ համար այն համազգային մեծ տոն էր: Հայոց բանակը, նրա յուրաքանչյուր ծառայող իրավամբ մեծ դերակատարում է ունեցել Հայոց պետականության կերտման և պաշտպանության գործում:

Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու, գնահատելու և խոնարհվելու այն հազարավոր հայորդիների առաջ, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար, ովքեր բավականին բարդ ու դժվարին պայմաններում ծառայել են և ծառայում են մեր հայրենիքին:

Ցավոք, արդեն երկու տարի է այս տոնը մեզ համար փոքր-ինչ մթագնել է. բանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած:

Սակայն ուզում եմ՝ բոլորս հստակ գիտակցենք, որ խնդիրների մեծ մասը քաղաքական են, դրանք քաղաքական ղեկավարության ապիկարության հետևանք են: Մեր բանակի, մեր զինվորի ոգին նույնն է, նրանք պատրաստ են նույն նվիրումով պաշտպանելու մեր հայրենիքը:

Մեր բանակն, այո՛, այսօր վիրավոր է, սակայն այն կա և, վստահ եմ, դառնալու է ավելի ուժեղ, ավելի մարտունակ: Առաջիկա տարիների պետական կառավարումը պետք է իրականացվի՝ «Ամեն ինչ զինվորի համար, ամեն ինչ բանակի համար» կարգախոսով: Հակառակ դեպքում մենք այս տարածաշրջանում որպես պետություն, որպես ինքնուրույն սուբյեկտ ուղղակի այլևս ասելիք չենք ունենա: Ուստի, յուրաքանչյուրիս խնդիրն է անել հնարավոր ամեն բան բանակը վերակառուցելու, այն ավելի ուժեղ դարձնելու համար:

Հայոց բանակը վայելել է և պետք է շարունակի վայելել մեր ժողովրդի անվերապահ աջակցությունը և վստահությունը:

Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն, հավատում եմ, որ մենք առաջիկայում ևս մեր բանակով հպարտանալու բազմաթիվ առիթներ եք ունենալու:

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ,

Շնորհավոր տոնդ հայ զինվոր,

Շնորհավոր բոլորիս տոնը...

Հ.Գ. Այս խորհրդանշական օրը մեկնել էինք առաջնագիծ մեր մշտական հավատարմությունը և սատարումը վերահաստատելու մեր զինվորականներին և Հայոց բանակին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից