copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:15 24-01-2022

Օր առաջ սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովը պետք է ձևավորվի. Փաշինյան

Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկը վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության ձևավորմանը, որը Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջարկը Ադրբեջանին փոխանցվել է ուղիղ, առաջարկի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տեղեկացրել է դեռևս Բրյուսելում ունեցած հանդիպման ընթացքում։ Վարչապետն ընդգծեց, որ առաջարկը ոչ թե սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման, այլ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու մասին է։

Վարչապետն անդրադարձավ նաև տարբեր մեկնաբանություններին Հայաստանի առաջարկի հետ կապված, նշելով, որ առնվազն ճիշտ չէ բովանդակության մանրամասների մասին չիմանալով՝ անել մեկնաբանություններ։

«Այնպիսի տպավորություն է, որ այդ առաջարկից ենթադրվում է, որ սահմանները պետք է թողնվեն առանց պահպանության։ Բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող, և մեր առաջարկը, ընդհակառակը, վերաբերվում է սահմանների անվտանգության և կայունության բարձրացնելուն, որովհետև մեր և միջազգային գործընկերների ընկալմամբ, նաև դա մենք արձանագրել ենք Սոչիում պայմանավորվածությամբ, որ դեմարկացիան և դելիմիտացիան հնարավոր չէ, երբ սահմանին կայուն իրադրություն չունենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքերով՝ Ադրբեջանը արձագանքել է առաջարկին՝ նշելով, որ դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։ Ի պատասխան, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված որևէ նախապայման չունի, և խոսքը նախապայմանի մասին չի։

«Խոսքը պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխանիզմների մասին է։ Ընդ որում, այս առաջարկությունները այնպես չի, որ օդից են եկել, դրանք տարբեր քննարկումների արդյունքում են եղել, տարբեր առաջարկներ են արվել։ Մենք չենք փորձել փաստաթուղթ ձևավորել, որն արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետը։ Մենք փորձել ենք քննարկումները տարբեր ֆորմատի, որ ունեցել ենք, այդ քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել և ձևավորել ու ձևակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ։ Իմ կարծիքով՝ մենք ստացել ենք այդպիսի մոդել։ Հիմա քննարկումները շարունակվում են, և մենք չենք ուզում շատ դետալներ բացահայտելու միջոցով խաթարենք աշխատանքային քննարկումը»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանը ընդգծեց՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի, և դա շատ կարևոր է։ «Ինչքան շուտ, այդքան ավելի լավ, բայց նաև իմ նշած համատեքստում։ Այն պայմանավորվածությունները, որը ձեռք ենք բերել, այդ պայմանավորվածությունները պետք է ինչքան շուտ իրականացվեն, այդքան լավ։ Բայց հիմա մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա»,- եզրափակեց Փաշինյանը։