Արտաքին 4 տարի առաջ - 15:41 18-01-2022

Թուրքիայի համար լինելու է խնդրահարույց 2 թեմա. Թուրք վերլուծաբանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Թուրք փորձառու լրագրող, վերլուծաբան Ջենք Բաշլամըշը, որը ժամանակին հետևել է 2008-ին մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհաջող գործընթացին, անդրադարձել է հատուկ ներկայացուցիչների մոսկովյան առաջին հանդիպմանն ու հայկական կողմի հնարավոր «հողային պահանջներին»:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, «Հայաստանը ունի՞ տարածքային պահանջներ» հոդվածում նա առանձնացրել է Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների տարածած հայտարարությանների հետևյալ նախադասությունը՝ «Կողմերը համաձայնության են եկել լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ»:

Հոդվածի հեղինակը նախ նշում է, որ հայտարարության ամենակարևոր կետը «առանց նախապայմանների» ձևակերպման շեշտադրումն է։ Ապա պնդում է, որ հարաբերությունների կարգավորման հետագա փուլերում Թուրքիայի համար լինելու խնդրահարույց 2 թեմա՝ Հայաստանի հողային պահանջատիրություն և Հայոց ցեղասպանություն:

«Մարդկանց գլուխներում ամենամեծ խառնաշփոթն առաջացնում է Հայաստանի՝ տարածքային պահանջներ ունենալ կամ չունենալու հարցը»,- գրում է Ջենք Բաշլամըշը և այդ համատեքստում հիշում Երևանում 2008-ի վերջին արտասահմանյան լրագրողների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Այդ ժամանակ նա նույն թեմայով հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին: Եվ Բաշլամըշը հիշում է, որ Սարգսյանը նույնիսկ զարմացել էր, թե ինչու է այդ տեսակետը տարածված՝ շեշտելով որ որևէ հայ պաշտոնյա տարածքային պահանջների մասին երբևէ որևէ հայտարարություն չի արել:

Ըստ Բաշլամըշի՝ ցեղասպանության թեմայով էլ Սարգսյանն ասել էր, որ դեմ չի 2 երկրների միջև հանձնաժողովներ հիմնելուն, սակայն կարծում է, որ ավելի լավ կլինի, որ սկզբում բացվեն սահմաններն ու հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև օրակարգ գան տարբեր տեսակի համատեղ հանձնաժողովներ ու ենթահանձնաժողովներ հիմնելու հարցերը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է Թուրքիայում ընկալվում «հողային պահանջների» թեման՝ հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայում այդ հարցի մասին խոսելիս սովորաբար հղում են անում 2 փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին:

«ՀՀ Սահմանադրության մեջ Թուրքիայից տարածքային պահանջների մասին ուղիղ ոչինչ չի ասվում: Սահմանադրության 13-րդ կետում, սակայն, այսպիսի նախադասություն կա՝ «ՀՀ զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները»:

«Այսինքն,- եզրակացնում է հոդվածի հեղինակը,- ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն»։

Իսկ Անկախության հռչակագրից էլ թուրք վերլուծաբանը մեջբերում է 11-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Այստեղ էլ հեղինակի համար խնդրահարույց է «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը, որն ըստ նրա՝ ընդգրկում է Օսմանյան Թուրքիայի արևելյան շրջանը՝ ներառյալ Արարատ լեռը: Այսպիսով, ըստ Բաշլամըշի, Անկախության հռչակագրում անուղղակի կերպով փաստորեն հողային հավակնություն է ներկայացված Թուրքիային։

«Գնդակը Երևանի դաշտում է» եզրափակիչ ենթավերնագրի ներքո էլ Բաշլամըշը գրում է.

«Այնպես է երևում, որ կարգավորման գործընթացը հիմնականում կախված կլինի Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։ Եթե ​​Երևանը ցանկանա, որ բանակցություններն անարդյունք լինեն, ապա հեշտությամբ կարող է խոչընդոտել գործընթացին՝ օրակարգ բերելով վերը նշված վիճահարույց հարցերը։ Բայց դատելով Հայաստանի իշխանությունների վերջին շաբաթների ուղերձներից՝ թվում է, թե Երևանի համար ներկայիս առաջնահերթությունը սահմանի բացումն ու երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումն է։

Հետևաբար հավանական վտանգ ներկայացնող այս 2 հարցերը Երևանի վարչակազմի կողմից կարծես թե առայժմ մի կողմ են դրվել»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի