Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:23 16-01-2022

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանին

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Հանդիպման օրակարգում առանցքային են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունությանը վերաբերող հարցերը: Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին:

Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ կողմերը նշել են, որ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար: Նախագահ Սարգսյանը հայ-էմիրաթական հարաբերությունները կարևորել է նաև Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության համատեքստում:

ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծել է Հայաստանի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու Միացյալ Էմիրությունների շահագրգռությունը: Նա մասնավորապես կարևորել է փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում:

Նշվել է, որ երկու երկրների միջև հաստատված օդային նոր կամուրջը Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ է:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում էմիրաթական «Մասդար» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին՝ կարևորելով դրա ընդլայնումը և նոր ներդրումները:

Կողմերն ընդգծել են երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Այդ համատեքստում նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան:

Համաձայնելով, որ հայ-էմիրաթական հարաբերությունները, փոխգործակցության հիմնական ուղղություններն ու նախագծերը միտված են ապագային՝ զրուցակիցները նշել են. քանի որ առկա է համագործակցության մեծ ներուժ, հնարավորություն և ավելին անելու ցանկություն, պետք է համատեղ ջանքերով հետևողականորեն շարժվել առաջ:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան