Ներքին 4 տարի առաջ - 21:44 15-01-2022

Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է Արևմուտքին ցույց տալ իր ինքնուրույնությունը, և ապացուցել, որ կախված չէ Թուրքիայից և Ռուսաստանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

««3+3» կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը, կարծես թե, ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում: ԱՄՆ կազմակերպած «դեմոկրատիայի» ֆորումից դուրս մնալուց հետո, Ադրբեջանը՝ Արևմուտքի խնամակալությանն ու բարեհաճությանը ձգտող նոր (իրականում հին) գաղափար է առաջ քաշել, որի առաջին քայլերն իրականացվեցին հունվարի 14-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Կրկին խոսվեց տարիներ առաջ մեռած ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախագիծը վերակենդանացնելու մասին:

Երեկ Կիևում, Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվեցին 6 համաձայնագրեր, որոնք վերաբերում են սևծովյան և կասպյան ավազաններում ռազմավարական համագործակցությանը, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցելուն, հիբրիդային պատերազմերին համատեղ դիմակայելուն, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային նոր պրոյեկտների գործարկմանը: Ընդ որում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղով երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային հաղորդակցության նպատակով կարևորվել են ՎՈՒԱՄ երկրների ներգրավվման հավանականությունը:

Նշենք նաև, որ 2021թ. դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում Ալիև-Զելենսկի հանդիպման ընթացքում, Զելենսկին առաջարկել էր նաև 2022թ. փետրվարին անցկացնել Ուկրաինա-Թուրքիա-Ադրբեջան գագաթաժողով՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:

Դատելով Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագծից, այս պահի համար կարելի է ենթադրել, որ.

1. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է Արևմուտքին ցույց տալ իր ինքնուրույնությունը, և ապացուցել, որ կախված չէ Թուրքիայից և Ռուսաստանից: Դա հատկապես գնահատելի է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները:

2. Օգտվելով իր աշխարհագրական դիրքից՝ փորձում է Արևմուտքում և Ասիայում ընդգծել իր դերը տրանսպորտային հաղորդակցությունների հարցում: Դա իրեն հնարավորություն կտա նաև քաղաքական առումով հետին պլան մղել Արցախի հարցի վերջնական կարգավորման միջազգային օրակարգը:

3. Վերակենդանացնելով ՎՈՒԱՄ-ի գաղափարը (որը շահեկան է Արևմուտքին և մոռացության է մատնվել միայն «Արևելյան Գործընկերության» ծնվելուց հետո՝ 2009թ-ից), փորձում է հակադրվել ռուս-պարսկական «3+3» նախաձեռնությանը: Հատկապես, որ Վրաստանը դեմ է «3+3»-ին մասնակցելուն:

4. Չի բացառվում, նաև որ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցք» գաղափարի կյանքի կոչման համար Ալիևը փորձում է 2022թ. ընթացքում նոր միջազգային հիմնավորումներ և աջակիցներ փնտրել: Նպատակն այն է, որ մեծացնի Հայաստանի վրա միջազգային ճնշումը, և ստիպի հայկական կապիտուլյանտերին հաշվի նստել «գլոբալ շահերի» հետ:

5. Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակառուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակարկություններ սկսել, որտեղ կարող են տրորվել նաև Հայկական շահերը:

6. Առավելագույն օգուտ քաղել սկսված «հայ-թուրքական երկխոսությունից», զրկելով Հայաստանին արցախյան հարցում որևէ նախաձեռնությունից, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի մոտիվացիայից, հայկական Սփյուռքի դերակատարությունից: Բացի այդ, փորձելու են ստիպել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանին լիակատար տնտեսական և տրանսպորտային կախվածության մեջ պահել Թուրքիայից և Ադրբեջանից: Ամեն կերպ խոչընդոտելու են ՀՀ ԶՈՒ վերակազմավորմանն ու զարգացմանը: Իսկ վերջնարդյունքում, կարող են լինել նաև Արցախից ՌԴ Խաղաղապահ կոնտիգենտի, ինչպես նաև Հայաստանից՝ ՌԴ 102-րդ բազայի դուրսբերման պահանջները:

7. Ուկրաինայի հետ կապերի խորացման միջոցով, փորձելու են ստանալ հավաքական Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բարեհաճ վերաբերմունքը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև փորձելու են վիժեցնել ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունությունը: Այստեղ Ադրբեջանի հաշվարկները հիմնվում են նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում, հնարավոր է վերածվեն կրիտիկական լարվածության, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նաև ԵԱՀԿ ՄԽ-ում համատեղ աշխատանքի վրա:

Ցավոք, նորից պետք է գանք մեր արտաքին և ներքին քաղաքականության ողբերգական վիճակին, որտեղ Հայաստանի «իշխանությունները» վերածվել են օղակը վզին գցած շնիկի: Ընդ որում` օղակի մի ծայրը Մոսկվայում է (ռազմա-քաղաքական, անվտանգային միակ աջակցությունը), մյուսն Անկարայում (երբ իրենց պետք է՝ Հայաստանի և Արցախի սահմաններին սկսվում են հրաձգությունները), երրորդը՝ Բրյուսելում (կապիտուլյանտները հույս ունեն, որ ԵՄ վարկերով կարող են գոնե մեղմել օրեցօր ահագնացող սոցիալական ճգնաժամը), չորրորդը՝ Վաշինգտոնում (առայժմ անհույս այլընտրանքի տեսքով) և այլն:

Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին: Փաստացի, ոչ մի բան: Ներսում իրար բռնելով- բանտարկելով, շինծու դատավարություններով, շարունակվող պառակտումներով, «նախկին-ներկա» սպանիչ հայտարարություններով, ահագնացող թանկացումներով և ծայրաստիճան կախյալ արտաքին մեյմունություններով:

Նորից պետք է հիշենք Եղիշե Չարենցին.

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին

Ձեզ գուցե հետաքրքրի