Ներքին 4 տարի առաջ - 15:03 05-01-2022

Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ. ռիսկի խմբում 0-5 տարեկան երեխաներն են

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մասնագետների գնահատմամբ, թեպետ դեկտեմբերի երկրորդ կեսի համեմատ այս օրերին նկատվում է հիվանդացության որոշակի նվազում, սակայն միևնույն է իրավիճակը շարունակում է անկայուն մնալ:

«Դեռ ունենք հիվանդացության բարձր շեմ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության ցուցանիշը 1.8 անգամ բարձր է: Կոնկրետ Արարատի և Տավուշի մարզում դիտվում է բարձր, իսկ Երևանում և մնացած մարզերում՝ միջին ինտենսիվության ակտիվություն: Հունվարի 4-ի դրությամբ բժշկական կազմակերպություններում հոսպիտալացված է 592 բուժառու, որի 94 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: Ասեմ, որ 13 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներն են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

ՀՀ ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ մանկական բուժհիմնարկներում իրավիճակը լարված է: Դիմելիության մակարդակը միջինից բարձր է: Իհարկե, Ամանորից առաջ սկսված դպրոցական արձակուրդներն իրենց ազդեցությունն ունեցան հիվանդության տարածման որոշակի նվազման վրա, սակայն, ըստ Սերգեյ Սարգսյանի, շարունակում են լարված աշխատել:

«Հիմա արդեն նկատվում է այն միտումը, ըստ որի բուժհիմնարկներ դիմողները վարակվել են տոնական օրերին միմյանց տներ այցելությունների ժամանակ: Բերվում են հիվանդացած երեխաներ՝ սկսած 44 օրականից: Ներկայում շրջանառվում է H3N2 տեսակի գրիպը կամ հոնկոնգյան գրիպը, որի թիրախում 0-5 տարեկան երեխաներն են: Մի քանի օր դիտվում է տենդ, ականջի բորբոքում, կան թոքաբորբի դեպքեր»,-ասաց Սերգեյ Սարգսյանը:

Քանի որ կորոնավիրուսի և գրիպի ախտանշանները նույնն են, մասնագետները խորհուրդ են տալիս դրանց առկայության դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, անպայման դիմել բժշկի համապատասխան հետազոտության համար: Մասնագետները նկատեցին, որ սուր շնչառական վարակների գրիպի ժամանակ շատերը զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը բավական բարդացնում է կլինիկական ընթացքը: Հիվանդները բավական ծանր վիճակում են ընդունվում բժշկական կազմակերպություններ:

«Շատ մեծ ռիսկ է այն, որ նշված բուժառուները տան պայմաններում օգտագործում են հակաբիոտիկներ, ինչը պարզապես ցուցված չէ վիրուսային հիվանդությունների համար: Դա ավելի է բարդացնում իրավիճակը»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետները հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները, ժամանակին դիմել բժշկին:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը