Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Ամանորի գիշերը այրված մեքենաների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է։ 2019 թվականին խուլիգանները ոչնչացրել են ավելի քան 1,3 հազար ավտոմեքենա։ Անցած գիշեր այրել են ընդամենը 870 մեքենա։
Նախարարի խոսքով՝ բերման է ենթարկվել 440 մարդ։ Նրանցից 380-ը ձերբակալվել է։ Դարմանենը շնորհակալություն է հայտնել Ամանորի գիշերը քաղաքացիների անդորրը հսկող ոստիկաններին։
Ոստիկանության հանձնակատարների ազգային անկախ միության քարտուղար Մաթյո Վալեն Radio Europe1-ին ասել է, որ ամբողջ երկրում մոբիլիզացվել է մոտ 127,000 ոստիկան և հրշեջ: Նա Ամանորի գիշերը համարել է «նորմալ»՝ չհաշված որոշակի բռնությունները, ավերված մեքենաները և վիրավորված ոստիկաններին։
Ստրասբուրգում առնվազն 12 մարդ է ձերբակալվել։ Նրանցից չորսը ձերբակալվել են իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության համար։ Երկու ոստիկան վիրավորվել է։
Ռուսաստանում՝ Բաշկիրիայի Մեչետլինսկի շրջանում, Ամանորից առաջ առանձնատան հրդեհի հետևանքով տղամարդ և կին են զոհվել։