Ներքին 4 տարի առաջ - 11:19 21-12-2021

Հայաստանում կգործի Հայրենադարձների ինտեգրման կենտրոն

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնում է Հայրենադարձների ինտեգրման կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծման աշխատանքների ղեկավար, հայրենադարձ Մարգարիտա Բաղդասարյանը նշել է, որ խնդիր է դրված հայրենադարձներին ուղղված աջակցությունն իրականացնել ավելի համակարգված ու լայն մասշտաբով:

«Պետության համար հայրենադարձությունը ռազմավարական շատ կարևոր կետ է: Կենտրոնի ստեղծման գործընթացը բխում է հենց այդ ռազմավարությունից: Ներկա իրավիճակն այն է, որ հայրենադարձը, Հայաստան տեղափոխվելիս, տարբեր հարցերի հետ կապված բախվում է մի շարք խնդիրների ՝ թղթաբանություն, ընդհանուր ինտեգրում: Մեր գրասենյակը ներկայում էլ այդ հարցերով զբաղվում է: Ունենք հայրենադարձությանն ուղղված բաժին, որն ամեն օր աշխատանքներ է կատարում տաբեր հայրենադարձների հետ: Մենք հասկացանք, որ ավելի համակարգված ու լայն մասշտաբով պետք է այս գործն արվի ու ծնվեց այն գաղափարը, որ ստեղծենք Հայրենադարձների ինտեգրման կենտրոն, որի առջև խնդիր է դրված լինելու նախ քաջալերել հայրենադարձությունը և օգնել, որ այդ ամբողջ պրոցեսով անցնող անձն աջակցություն ստանա սկզբից մինչև վերջ»,- ասել է Մարգարիտա Բաղդասարյանը:

Մարգարիտա Բաղդասարյանը Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից: Նա Հայաստանում շատ մեծ խնդիրների չի բախվել, որովհետև այստեղ է ծնվել, իրեն ծանոթ են միջավայրը, ավանդույթները, հասարակության շրջանում առկա մոտեցումները: Ու չնայած դրան՝ դժվարություններն անպակաս են եղել:

«Ինձ համար էլ դժվար էր, պետք էր հասկանալ, թե առողջապահական համակարգն ինչպես է աշխատում, թղթաբանության հետ կապված հարցեր կային՝ սկսած անձնագրում առկա կնիքից, վերջացրած բյուրոկրատական խնդիրներով: Պատկերացրեք այն անձանց, թե ինչ դժվարությունների են հանդիպում, որ ընդհանրապես Հայաստանում չեն ապրել, այստեղ ծանոթություններ, ընկերներ, բարեկամներ չունեն: Մենք փորձում ենք այդ բոլոր հարցերին համակարգված ձևով անդրադառնալ»,-ասել է Մարգարիտա Բաղդասարյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, լինելով պետական կառույց, առավել տեղեկացված է թե պետությունն ինչ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված հայրենդարձությանը: Եվ անմիջական կապի մեջ լինելով տարբեր գերատեսչությունների հետ՝ գրասենյակը հայրենադարձների ուղղորդումն իրականացնում է հասցեական:

Մարգարիտա Բաղդասարյանը նշեց, որ նաև իրականացվելու է հայրենադարձության տվյալների թվայնացում: Նրա խոսքով, հավաքագրվելու, վերլուծվելու է տեղեկատվությունը՝ հասկանալու, թե հայրենադարձության ինչպիսի հոսքեր կան, ովքեր են գալիս, ինչ կարիքներ ունեն և այլն: Այդ ամենը շատ կարևոր է ապագա ծրագրերի, հայրենադարձությունը խթանելու համար:

Այս օրերին էլ Հայաստան տեղափոխվելու հարցերով հետաքրքրվածների թիվը մեծ է: Գրասենյակը տարվա ընթացքում ընդունել է մոտ հազար հայրենադարձի ու ունեցել է 3 հազարից ավելի նամակագրություն: Հանձնակատարի գրասենյակ ուղարկված նամակների մեծ մասը հայրենադարձությանն է վերաբերվել:

«Հետաքրքրությունը շատ մեծ է, և մենք չենք ցանկանում դա բաց թողել: Հիմա շատ ակտիվ Լիբանանից են հետաքրքրվում, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Վերջերս սկսել ենք հարցումներ ստանալ Արգենտինայի հայ համայնքից»,-ասել է նա:

Թե Հայրենադարձների ինտեգրման կենտրոնը երբվանից կսկսի գործել, հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը դժվարանում է ասել: Նախնական տվյալներով՝ կենտրոնը կսկսի գործել հաջորդ տարվա կեսերին: Հիմա կենտրոնի տարածքի խնդիրն է լուծվում, հստակեցվում է տարբեր կառույցների հետ համագործակցության ձևաչափը, կենտրոնն ունենալու է առցանց հարթակ, այժմ լուծվում են դրա տեխնիկական խնդիրները:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի