Արտաքին 4 տարի առաջ - 23:44 14-12-2021

Սաակաշվիլիի նկատմամբ դեղաբանական խոշտանգումների փաստը չի հաստատվել. հոգեբույժ

Վրաստանի օմբուդսմենի մոտ անցկացված խորհրդակցությունը չի հաստատել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ դեղաբանական խոշտանգումների փաստը։ Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է փորձագիտական ​​խմբի անդամ, հոգեբույժ Մարինե Կուրատաշվիլին։

Դեկտեմբերի սկզբին «Էմպաթիա» կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտարարել էր, որ երկար ժամանակ Սաակաշվիլիին մեծ չափաբաժիններով տվել են հոգեմետ դեղեր, որոնց ոչ համարժեք օգտագործումը համարվում է դեղաբանական խոշտանգում։

«Ես չեմ հաստատում դեղաբանական խոշտանգումները, դրա նշաններ չեմ տեսնում։ Ես մի անգամ տեսա պարոն Միխեիլին, այն ժամանակ խոշտանգումների հետքեր չկային»,- ասել է Կուրատաշվիլին։

Հոգեբույժը շեշտել է, որ ուսումնասիրել է նախկին նախագահին Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո նշանակված բոլոր դեղամիջոցները։

«Դոզաներն իրականում այնպիսի տպավորություն չեն թողնում, որ դեղորայքային խոշտանգումներ են ուզում իրականացնել: Չգիտեմ, թե ինչ է եղել այլ հաստատություններում, բայց ծանոթացել եմ իմ գործընկերների խորհրդակցություններին, որտեղ, ըստ պարոն Միխեիլի, գրված է եղել, թե ինչ դեղամիջոցներ է ընդունում։ Խոսքը Քեթիլեպտի մասին է։ Նրան նշանակել են 100 միլիգրամ, իսկ եթե նա չի կարողացել քնել, ապա ավելացրել են 50 միլիգրամ, իսկ երբեմն էլ ավելին՝ իր խնդրանքով»,- ասել է Կուրատաշվիլին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի