Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:46 08-12-2021

Ոստիկաններին կաշառք առաջարկելու համար 2 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և տալու դեպքեր:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2021թ. նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պարեկը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում կանգնեցրել է չամրակապված և ոչ սթափ վիճակում երթևեկող Ստյոպա Կիրակոսյանի ավտոմեքենան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու նպատակով Ս. Կիրակոսյանը մի քանի անգամ պարեկին որպես կաշառք առաջարկել է գումար, սակայն վերջինս մերժել է վարորդի առաջարկը` քանիցս զգուշացնելով, որ ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելը քրեորեն պատժելի արարք է: Ս. Կիրակոսյանը, սակայն, շարունակել է պնդել իր առաջարկը, որից հետո կաշառք առաջարկելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

ՀՀ ոստիկանության աշխատակցին կաշառք տալու փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մյուս քրեական գործով հիմնավորվել է, որ Գեղամ Նազարյանը կաշառք է տվել ՀՀ ոստիկանության պարեկին, սակայն վերջինս հրաժարվել է այն վերցնելուց և իր ծառայակցի հետ բերման է ենթարկել Գ. Նազարյանին:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պարեկները Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենայի դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար կանգնեցրել են Գեղամ Նազարյանի վարած տրանսպորտային միջոցը: Ստուգման արդյունքում տեսուչները պարզել են նաև, որ Գ. Նազարյանն ավտոմեքենան վարել է առանց սահմանված կարգով տեխնիկական զննություն անցնելու և ԱՊՊԱ պայմանագրի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու համար Գ. Նազարյանը 20 000 ՀՀ դրամ է դրել պարեկի գրպանը, որից հետո, սակայն, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ստյոպա Կիրակոսյանին և Գեղամ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնում ենք, որ կաշառք տալը /առաջարկելը/, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի, նույնպես համարվում է քրեորեն հետապնդելի արարք, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել