Նախորդ տարվա առաջին կեսին ավելի ցածր բազա ենք ունեցել, քան այս տարի․ տնտեսագետ
copy image url

Նախորդ տարվա առաջին կեսին ավելի ցածր բազա ենք ունեցել, քան այս տարի․ տնտեսագետ

Խոսք 3 տարի առաջ - 18:08 06-12-2021

ՀՀ տնտեսական ներկա իրավիճակի, գնաճի և տնտեսական այլ թեմաների վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է ՀՀ ՊԿԱ Կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ։

«Համավարակի հետևանքով արձանագրվել էր տնտեսական անկում, և նախորդ տարվա առաջին կեսին ավելի ցածր բազա ենք ունեցել, քան այս տարի։ Եվ բնական է, որ այս տարվա առաջին ամիսներին տնտեսական աճը մեծ էր լինելու, և դրա հիման վրա ասել, որ հաջորդ ամիսներին նույնպես աճ կլինի, ճիշտ չէ: Որպեսզի ցուցանիշները իրատեսական լինեն, պետք է համեմատություն կատարել 2019 թվականի հետ, իսկ այդ դեպքում կարող ենք վստահ ասել՝ տնտեսությունը 2021-ին չվերականգնվեց, 2019 թվականի մակարդակին չհասավ: Այո՛, այսօր 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցվեց, բայց դա չի կարող հասնել 2019-ի ցուցանիշին: Հայաստանի պարագայում տնտեսության վերականգնումը մի քիչ ավելի երկար տևեց: Բայց ի հայտ է գալիս այլ խնդիր. կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամի հայտնաբերման մասին տեղեկության տարածմանը զուգահեռ նավթի գինը կտրուկ անկում ապրեց: Այսինքն՝ համաշխարհային տնտեսությունը դեռևս ապրում է քովիդին զուգահեռ, այդ խնդիրը դեռևս լուծված չէ: Այդ անորոշությունը կա աշխարհում, կա Հայաստանում: Իսկ առհասարակ գնաճը երկարաժամկետ կտրվածքով կարող է ազդել աղքատության վրա: Բայց, աղքատության ցուցանիշը, որը հրապարակվում է, սովորաբար նախորդ տարվա իրավիճակն է արտահայտում, այսինքն՝ այդ ցուցանիշը նախորդ քաղաքականությունների հետևանք է: Աղքատության պատկերը Հայաստանում լիովին առնչվում է տնտեսական կառուցվածքի հետ: Ես ժամանակին դեմ էի, որ պրոգրեսիվ հարկը վերացվի, ինչը կխորացնի աղքատությունը: Այսինքն՝ մենք չենք դիտարկում ցածր եկամուտ ստացող մարդկանց: Մարդիկ աշխատում են ցածր եկամտի սահմանների շրջանակում, և Հայաստանում միշտ այդպես է եղել, եկամտային աղքատությունը միշտ բարձր է եղել, քան ծախսային աղքատությունը: Այսինքն՝ մարդիկ բացի իրենց մշտական ու ցածր եկամտից, ունեն այլ տնտեսություն, դրսից փոխանցվող գումարներ, և ես չէի ուզի խառնել տնտեսության ու աղքատության թեմաները: Ինչ վերաբերում է գնաճին, այո՛, այն բարձր է և բարձր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ամսեամիս գնաճը մի քանի տոկոսով աճել է, բայց աստիճանաբար արդեն տարվա սկզբին կվերադառնա 4 տոկոսի ցուցանիշին: Բայց դա չի նշանակում, թե գները կնվազեն, այլ ուղղակի գնաճը կկանգնի ցածր մակարդակի վրա: Դա ցույց է տալիս ոչ միայն դրամավարկային քաղաքականությունը, այլ նաև տնտեսվարողների ակնկալիքները: Իսկ երկնիշ թվերով աճել են, օրինակ, սննդի և ալկոհոլային խմիչքների գները, ինչը համաշխարհային ֆենոմեն է, և հենց համավարակով պայմանավորված սննդի գները աճեցին, և Հայաստանը, որպես բաց տնտեսությամբ երկիր, չի կարող փակել սահմանները և խուսափել այդ միտումից: Ի վերջո, ապրանքները ներկրվում են և նաև արտահանվում, և տնտեսվարողը թանկացման պարագայում գերադասում է սնունդը արտահանել: Բայց, օրինակ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ ամբողջ աշխարհում սննդի գները 27 տոկոսով են աճել, այսինքն՝ ավելի շատ, քան Հայաստանում: Դա համաշխարհային խնդիր է, ինչպես ամբողջ աշխարհը, մենք էլ պետք է ընդունենք այդ փաստը: Բայց շուտով գնաճը կվերադառնա կառավարելի մակարդակ: Եթե կարճ ձևակերպելու լինենք, կարող ենք ասել՝ ինչ եղել՝ եղել է, սրանից վատ չի լինելու: Բայց սա այն պարագայում, եթե համավարակի համաշխարհային նոր ալիք չլինի, նոր լոքդաուններ չլինեն: Հիմա երկրները բոլորը սպասում են: Հիմք կա, որ եթե այս տարի տնտեսական աճը ցածր եղավ, ավելի հեշտ կլինի 7 տոկոսանոց աճ ապահովել մյուս տարի: Այսինքն՝ կվերականգնվի 2019 թվականի տնտեսությունը: Մի քիչ աճ կարձանագրվի, և երկու տարվա մեջ հազիվ կվերադառնանք այն աճի գծին, որի վրա կանգնած էինք: Դա իրատեսական է, այո՛, և չպետք է զարմանալ: Բայց մենք այլ խնդիր ունենք՝ մեր պոտենցիալ ՀՆԱ-ն է անկում ապրում, որովհետև կապիտալ ներդրումները տարիներ շարունակ անկում են ապրել: Ա՛յ դա մեծ խնդիր է: Օրինակ՝ բյուջեի նախագծում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ աճեր են գրված, որը, իմ հաշվարկով, արտադրողականության գրեթե եռապատիկ աճ է ենթադրում, բայց դա ինձ համար կասկածելի է: Չկան հաշվարկներ՝ ինչո՞ւ պետք է այդ ոլորտում մեր աշխատանքի արտադրողականությունը կտրուկ աճի, արդյո՞ք մեր ծրագրավորողների եկամուտը մի քանի սանդղակ բարձրանալու է: Դա մի քիչ կասկածելի է, այդ ոլորտում նման կանխատեսումների հիմք չեմ տեսնում: Տնտեսությունն իր ավանդական ճյուղերով կվերականգնվի, աճը կարձանագրվի, բայց ՏՏ ոլորտում նման մեծ աճի հիմքեր չեմ տեսնում, ինչպես ներկայացված է բյուջեում»:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր