Ներքին 4 տարի առաջ - 17:45 24-11-2021

Երևանի Մշակույթի և արվեստի պետական քոլեջը կանվանակոչվի Շառլ Ազնավուրի անունով

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մանրամասնելով, որ փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել հայ ժողովրդի հպարտություն հանդիսացող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ:

«Սա շատ հիանալի գաղափար է, որը նաև պարտավորեցնող է բոլորիս և հատկապես Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի համար: Համայն հայությունը պետք է վստահ լինի, որ մեծ վարպետի անունը կրող քոլեջն իր ձևով և բովանդակությամբ համապատասխանում է իր բարձր անվանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը համատեղ աջակցելու են դրա հաջող իրականացմանը:

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրն իր հերթին նշել է, որ Շառլ Ազնավուրը միշտ աջակցել և մեծ կարևորություն է տվել երիտասարդ սերնդի հետ շփմանը. «Ես կարծում եմ, որ նրա համար հաճելի կլիներ այս անվանակոչումը: Սա շատ կարևոր է ոչ միայն Շառլ Ազնավուրի՝ որպես մարդու և արտիստի անունը պահելու, այլև նրա կարևոր արժեքները կիսելու տեսանկյունից: Հիմնադրամի կողմից կանենք հնարավորը, որպեսզի քոլեջն արժանի լինի իր անվանը: Մենք կհրավիրենք հայտնի մարդկանց, որոնք կներշնչեն երիտասարդներին, և գուցե մի օր ապագա սերունդը մեր ժողովրդին նվիրի տաղանդավոր երիտասարդների, որոնք կստիպեն մեզ հպարտանալ և Հայաստանի անունը բարձր պահել»:

Հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթություն ստացող երիտասարդների հնարավորությունները և նպաստելու նրանց հետագա մասնագիտական գործունեությանը: Կողմերի նպատակն է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և դրա առաջխաղացմանը՝ ձգտելով այն դարձնել տարածաշրջանում տվյալ բնագավառում առաջատար ուսումնական հաստատություններից մեկը:

Հուշագրով ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու գործընթացի կազմակերպմանը, մշակել և կատարելագործել մշակույթի ու արվեստի ոլորտում միջին մասնագիտական կրթության առկա պետական կրթական չափորոշիչները, համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերը: Համաձայն փաստաթղթի՝ նախարարությունը կաջակցի մշակույթի և արվեստի բնագավառի մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով համատեղ սեմինարների, հանդիպումների և խորհրդատվությունների կազմակերպմանը:

«Ազնավուր» հիմնադրամը պարտավորվում է աջակցել քոլեջի դասախոսների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քոլեջի ուսանողների կրթական ու մասնագիտական առաջընթացին՝ աջակցելով վարպետության դասերի, սեմինարների և այլ ձևաչափի դասընթացների կազմակերպմանը: Հիմնադրամը նաև հանձնառություն է ստանձնում աջակցել քոլեջի առարկայացանկում ներդրվելիք՝ Շառլ Ազնավուրի արվեստին վերաբերող միջառարկայական ծրագրի մշակմանը:

Կողմերը պարտավորվում են աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի համալրմանը և շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների կազմակերպմանը: Հուշագիրը կգործի 3 տարի ժամկետով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու