Զուգահեռներ Փաշինյանի ու մեղադրվող ուսուցչի սպառնալիքների միջև
copy image url

Զուգահեռներ Փաշինյանի ու մեղադրվող ուսուցչի սպառնալիքների միջև

Ներքին 3 տարի առաջ - 20:17 22-11-2021

Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դասապրոցեսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի նկատմամբ բռնություն կոչեր հնչեցնելու համար։ Քրեական գործն արդեն դատարանում է, այն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Հակոբ Գրիգորյանը, սակայն, նույն դպրոցի տնօրենի բնորոշմամբ, լավ մանկավարժ էր, երեխաների կողմից սիրված ուսուցիչ: Նա նաև գիտությունների թեկնածու է, ոչ թե սարքովի դիսերտացիայով ինչ-որ աստվածաբան:

Հակոբ Գրիգորյանը համատեղության կարգով է աշխատել դպրոցում, քանի որ նաև դասախոսում է բուհում: Մարդը պարզապես չի կարողացել իրեն զսպել ու մոռանալ 1000-ավոր զոհերին, մեր հայրենիքի տարածքային կորուստները, նսեմացված ազգային արժանապատվությունը, հետևաբար պոռթկացել է:

Ոչ մի բանական ու մտածող մարդ էլ այս պարագայում չի կարող զուսպ լինել, առավել ևս՝ պատմության ուսուցիչը: Ի դեպ, նա ասել է այն, ինչ մտածում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր երկրորդ մարդը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ էջում գովեստներ «ծրտող» ֆեյքերին չհաշված:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

Իսկ շնաբարո «դուրսպրծուկներ», «թաթիկները կկտրեմ», «կփռեմ ասֆալտին», «պատերով կտամ» և այլ արտահայտությունների հեղինակ Նիկոլ Փաշինյանին առայժմ համառորեն մեղադրանք չի առաջադրվում, թեև դրանք հաճոյախոսություններ չեն, ոչ էլ դիֆերամբներ:

Ի տարբերություն պատմության ուսուցչի՝ Փաշինյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:

Եվ սա այն դեպքում, երբ նա ամեն Աստծո օր բռնաբարում է մեր ինքնիշխանությունը, տրորում ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքները: Ավելին՝ ինքը չունի գիտական աստիճան, կոչում, ինչպես մեղադրվող պատմության ուսուցիչը, Նիկոլը չի ավարտել համալսարանը, անգամ պատմությունից ու աշխարագրությունից տարրական գիտելիքներ չունի, դրա համար մեր հայրենիքի որոշ հատվածներ ադրբեջանական անվանելով՝ նվիրում է թշնամուն, շագրենի կաշվի նման կրճատում մեր հայրենիքը:

Պատմության ուսուցիչը հաստատ գիտի, թե ի վերջո ինչ է լինում փոքր ու մեծ բռնապետների հետ, քանի որ դա նաև մասնագիտական հարց է: Բայց սա այն դեպքն է, որ, թերևս, ոչ պատմաբան Փաշինյանն էլ է գիտակցում:

Արեգ Արևյան