Ներքին 4 տարի առաջ - 20:23 20-11-2021

Ֆլամինգոները, չեմ ասի, որ ամեն տարի, բայց բավականին հաճախ չուի ժամանակ անցնում են Հայաստանի տարածքով․ թռչնաբան

Համացանցում լայնորեն տարածվում են ֆլամինգոների լուսանկարներ՝ պնդմամբ, որ դրանք արված են Հայաստանում: «Արմենպրես»-ը զրուցել է թռչնաբան, շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Bird links Հայաստան» ՀԿ տնօրեն Կարեն Աղաբաբյանի հետ:

«Ֆլամինգոները, չեմ ասի, որ ամեն տարի, բայց բավականին հաճախ չուի ժամանակ անցնում են Հայաստանի տարածքով: Նրանք բնադրում են Կասպից ծովի ափերին, ձմեռում են Արաբական թերակղզում կամ Հյուսիսային Աֆրիկայում: Այդ ընթացքում գարնանային չուի ժամանակ դեպի հյուսիս կամ աշնանային չուի ժամանակ դեպի հարավ, անցնում են Հայաստանի տարածքով և բավականին հաճախ կանգ են առնում մեր լճերում, ճահճուտներում»,- ասաց Աղաբաբյանը:

Թռչնաբանը հստակ չի կարող ասել՝ տարածված լուսանկարները այս տարվա են, թե ոչ, սակայն, իրատեսական է համարում, որ կարող են լինել և այս տարվա: Տարածված լուսանկարներից մեկի առնչությամբ նա վստահաբար նշում է՝ արված է Արմաշի լճերում, դատելով հետևի ֆոնի կանաչ եղեգնուտներից՝ թռչնաբանը եզրակացնում է, որ դա արված է գարնանը կամ լավագույն դեպքում՝ աշնան սկզբին՝ սեպտեմբերին: Բացի դրանից՝ Աղաբաբյանը լուսանկարում նկատում է բացառապես հասուն թռչուններ, ինչից ևս եզրակացնում է, որ լուսանկարն արված է գարնանը, քանի որ աշնանը սովորաբար լինում են նաև զգալի չափով երիտասարդ թռչուններ:

Ֆլամինգոները Հայաստանում բավականին հաճախ հանդիպում են Արարատյան դաշտում, թռչնաբանի խոսքով, եղել են դեպքեր նաև, որ նրանց հանդիպել են Սևանա լճի ավազանում: Արարատյան դաշտում ֆլամինգոները հանդիպում են ավելի հաճախ, բայց Սևանա լճում էլ բացառված չէ նրանց հանդիպելը:

Հայաստանում կանգ առնելիս ֆլամինգոները կարող են մոտ 4-5 օր մնալ, հանգստանալ, սնվել, հետո նորից շարունակել: Նոյեմբերի կեսը ֆլամինգոների աշնանային չուի լավ ժամանակն է: Աշնանային չուի ընթացքում ֆլամինգոները Հայաստանի տարածքով կարող են անցնել սեպտեմբերից սկսած մինչև նոյեմբերի երկրորդ կես, իսկ գարնանը՝ մայիսի երկրորդ կեսին և հունիսի սկզբին:

Հայաստանի տարածքով սեզոնի ընթացքում սովորաբար անցնում է 10-40 ֆլամինգո: Հայաստանի տարածքով անցած ֆլամինգոների ամենամեծ թվաքանակը, թռչնաբանի խոսքով, եղել է 80 հատ: «Սեզոնի ընթացքում մենք տեսել ենք, որ 80 թռչուն իջել է Հայաստանում հանգստանալու: Դա եղել է 2008-ին»,- ասաց նա:

«Սկզբունքորեն իրատեսական է, որ հիմա ֆլամինգոները հայտնվեին Հայաստանում»,- ասաց Աղաբաբյանը:

Ֆլամինգոները գրանցված են միջազգային Կարմիր գրքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից