Ներքին 4 տարի առաջ - 23:45 19-11-2021

Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է անհապաղ դուրս բերվի ՀՀ տարածքից. ԵԽ պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել օգտագործել բոլոր լծակները

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները նամակում են հիշեցրել են, որ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 16-ին հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով:

«Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք ադրբեջանական հարձակումը և ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից»,-ասված է նամակում:

Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ խորապես ցավում են հարձակման հետևանքով մարդկային կորուստների համար։ Նրանք շեշտել են՝ Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններում բնակչության անվտանգությունը, խաղաղ, բնականոն կյանքը և մարդու իրավունքները ոտնահարելուն ուղղված ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն պետք է անհապաղ դադարեցվի։

«Կոչ ենք անում ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը օգտագործել իր բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը»,-շեշտել են ԵԽ պատգամավորները:

17 պատգամավորների թվում են Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն, գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը, հույն պատգամավոր Եվա Կաիլին և այլք:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը