Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:55 11-11-2021

Երեկ գիշերը ժամը 12-ին անհանգիստ իրավիճակ է եղել Կապան-Ճակատեն հատվածում․ Աննա Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց։ Նա բավականին դրական նոտայով ասել էր, որ ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրել Գորիս-Կապան-Ճակատեն մայրուղու իրենց վերահսկողության տակ մնացած հատվածում։ Նաև հավելել էր, որ մենք նաև մեր պատասխան մաքսակետերն ենք տեղադրելու, բայց թե ում համար են լինելու այդ մաքսակետերը, հասկանալի չէ։

Կառավարության մոտ հավաքված ցուցարարները բողոքում էին հենց այս երևույթի դեմ։ Ցույցի համակարգողն, ըստ ամենայնի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանն էին։ Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ գիշերը 12-ից հետո անհասկանալի իրադարձություններ են տեղի ունեցել Կապան-Ճակատեն հատվածում։ Ամբողջ գիշեր լարված իրավիճակ է եղել։

Պատգամավորն այլ մանրամասներ չհայտնեց, սպասում է պաշտոնական պարզաբանման։

«Ես հիմա մտնելու եմ կառավարության շենք, ունեմ դրա իրավունքը և բացատրություն եմ պահանջելու։ Նաև խորհրդարանում այսօր հրատապ կարգով նիստ կգումարենք, որպեսզի հասկանանք, թե ինչ պետք է անել այս իրավիճակում»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ դեռ անցյալ տարի հարց է ուղղել կառավարությանը ճանապարհի վերաբերյալ։

«Սուրեն Պապիկյանը, որն այն ժամանակ դեռ ՏԿԵ նախարար էր, հավատացրեց, որ շուտով կառուցելու են այլընտրանքային ճանապարհը, որն անցնելու է Տաթևով։ Մեկ տարի է անցել, դեռ ոչ մի աշխատանք չի տարվել։ Դրան էլ գումարած, այդ այլընտրանքային ճանապարհը ոչ մի կերպ չի կարող փոխարինել միջպետականին մեկ պարզ պատճառով՝ աշխարհագրական ռելիեֆը թույլ չի տալիս»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Ցույցի ընթացքում քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։ Բազմաթիվ անձինք բերման ենթարկվեցին։