Ներքին 4 տարի առաջ - 22:21 09-11-2021

Քանագեղի հնավայրում հայտնաբերվել են անտիկ շրջանի բրոնզե զարդեր

Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում (հուշարձանը թվագրվում է մ․թ․ա․ 15-14 – մ․թ․ա․ 7-6 դարերով) անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Պեղումների ղեկավար, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ տարիների ընթացքում ամենայն հավանականությամբ դամբարանախցից զգալի քանակությամբ պերճանքի առարկաներ և զարդեր են տարվել։

«Դամբարանի վերգետնյա մասը վնասված է, փորձել էին սալերը շարժել, բայց հավանաբար ծանրության պատճառով չեն կարողացել։ Փորձել էին նաև մտնել դամբարանախցի մեջ։ Գանձախույզները մասամբ ավիրել են մի քանի դամբարաններ՝ թշնամաբար վերաբերվելով մեր նախնիների պատմամշակութային ժառանգությանը»,- ասում է Փիլիպոսյանը։

Նրա խոսքերով՝ ավելորդ հողակույտը հեռացնելուց հետո պարզ է դարձել, որ դամբարանը շուրջ 14 մետր տրամագծով կրոմլեխ ունի (բրոնզեդարյան կառույցի տեսակ)։ Պեղումների ղեկավարի կարծիքով՝ հավանաբար դամբարանախցի մեջ անտիկ դարաշրջանում նորից թաղում են արել ու հանգուցյալի հետ խեցեղեն տեղադրել։ Թաղումը եղել է խմբային․ դամբարանի տերը պառկած էր առանձին՝ մեջքի վրա և կծկված ոտքերով, իսկ ոտքերի մոտ կար 7-8 մարդկային կմախք։

«Միանշանակ խմբային թաղում է եղել, ինչը վկայում է Սևանի ավազանում ժամանակին կատարված զոհաբերությունների մասին»,- նշում է պեղումների ղեկավարը։

Նախորդ տարիներին Քանագեղից հայտնաբերված գտածոները պահվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդում։ Այս պեղումներից գտնված հնագիտական նյութը նույնպես կհանձնվի «Էրեբունի» թանգարանին։ Հնամարդաբանական նյութը կուսումնասիրի արշավախմբի անդամ, ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։ Պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։

Քանագեղի հնավայրի պեղումների արշավախմբի ղեկավարն է Աշոտ Փիլիպոսյանը, արշավախմբի կազմում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Հասմիկ Սիմոնյանը, Տիգրան Զաքյանը, Լուսինե Ալեքսանյանը, Հայաստանի պատմության թանգարանի ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանը։ Պեղումների ընթացքին պարբերաբար ծանոթացել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը։
Պեղումները կատարվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի՝ ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

1980-ական թվականներին հուշարձանում պեղումներ է կատարել անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը, 1998-2004-ին հնավայրում աշխատել է Աշոտ Փիլիպոսյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից