Երկու բարձրաստիճան սպաներ Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ էին տվել․ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը
copy image url

Երկու բարձրաստիճան սպաներ Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ էին տվել․ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

Ներքին 3 տարի առաջ - 08:49 03-11-2021

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով գործի շրջանակներում ԱԱԾ-ի կողմից օրերս երկու զինվորականի ձերբակալության դեպքին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Օրերս տեղեկացանք, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին եւ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Բարձրաստիճան այս երկու սպաները քրեական գործով տվել էին գործի մյուս նյութերի հետ հակասության մեջ չգտնվող, Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ: Պաշտպանության կողմն ունի նաեւ այլ տեղեկություններ նշված երկու անձանց ձերբակալելու «առիթների» վերաբերյալ, որոնք այս պահին հանրայնացնելը նպատակահարմար չենք համարում:

Այս գործելաոճը պաշտպանական կողմի մոտ խորացնում է առկա լուրջ մտահոգությունները՝ ցանկացած, այդ թվում նաեւ օրենքով արգելված մեթոդներով նախաքննությունը ԱԱԾ-ի նախընտրած ուղենիշով տանելու, Դավիթ Տոնոյանին, որքան հնարավոր է, երկար ժամանակ կալանքի տակ պահելու եւ արդեն իսկ փլուզված գործի՝ հիմնավոր լինելու պատրանք ստեղծելու վերաբերյալ:

Միաժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ ԱԱԾ-ի տարածած այն հայտարարությանը, որ մատակարարումից որոշ ժամանակ անց ձեռք բերված հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն իբր ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ կապակցությամբ պետք է նշել, որ նշված տեղեկությունը առավելապես կրում է մանիպուլյատիվ ապակողմնորոշիչ նշանակություն, քանզի այն հերքվել է նույն քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված տվյալներով, մասնավորապես՝ ըստ քրեական գործի նյութերի՝ հիշյալ հրթիռների մի մասը ոչ միայն կիրառվել է 2020թվականի պատերազմի ընթացքում, այլ նաև դրանից առաջ՝ ուսումնական վարժանքների ժամանակ, իսկ դրանց անորակ լինելու, մարտական խնդիրներ չկատարելու մասին գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել:

Տեղին ենք համարում հիշեցնել նաև ՀՀ վարչապետի՝ վերջերս Ազգային ժողովում արված հայտարարությունն այն մասին, որ սույն քրեական գործը հարուցվել է վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության կողմից, եւ միջազգային բոլոր զեկույցներն արձանագրում են, որ առանց քաղաքական կամքի առկայության այս կարգի գործերը չեն կարող բացահայտվել եւ բացահայտման ուղղությամբ գնալ:

ՀՀ վարչապետին և նրա ենթակա կառույցին առաջարկում և հորդորում ենք իսկապես դրսեւորել քաղաքական կամք՝ գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, գործով ճշմարտությունը բացահայտելու նպատակով: Այդ օբյեկտիվությունն ապահովելուց հետո միայն կանդրադառնանք անկախ փորձաքննության աջակցությամբ նախաքննության մարմնին զինամթերքի պիտանելիության, արտադրության եւ պահպանման ժամկետների, ինչպես նաեւ «շուկայական գին» հասկացությունը պարզաբանելուն»:

Ամենից շատ դիտված