Ներքին 5 տարի առաջ - 23:04 19-10-2021

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՊԵԿ 4 պաշտոնատար անձի

ՀՀ ԱԱԾ-ն խոշոր չափերով՝ 1.000.000 դրամ կաշառք ստանալու պահին բերման է ենթարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետին, 2 օպերլիազորներին ու ևս մի քանի անձի: Օպերլիազորներից մեկի մոտ հայտնաբերվել է գումարը՝ ծրարի մեջ դրված: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ հիշյալ օպերլիազորներից մեկի հետ կապված ևս մեկ կաշառքի դրվագ է բացահայտվել:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հիմնադրի և փոխտնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պահանջել և նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:

Կատարված անձնական խուզարկությամբ օպերլիազորներից մեկի մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի ամբողջ գումարը ծրարի մեջ դրված վիճակում:

Բացի դրանից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նշված օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառքներ, ինչպես նաև նախնական համաձայնության գալով իր բաժնի մեկ այլ օպերլիազորի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տնտեսվարողներից մեկի ներկայացուցչից ստացել են խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք, նրանց կաշառք տված անձանցից 3-ը, որոնց՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նույն օրը նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ քննչական իրադրությունից բխող անհրաժեշտ դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարունակվում են:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, ձեռնպահ մնալ պետության տնտեսական հիմքերի կայունությանը սպառնացող կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների մեջ ներգրավվելուց և զգուշացնում, որ այդպիսիք արժանանալու են կոշտ հակազդեցության»:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան