Չինաստանը գերձայնային հրթիռ է փորձարկել, որն ունակ է միջուկային զենք կրել: Financial Times-ի աղբյուրները հայտնել են, որ դա «անակնկալի է բերել» ամերիկյան հետախուզությանը:
Դասակարգված փորձարկումների ընթացքում սարքը թռել է ցածր ուղեծրով տարածություն, բայց չի կարողացել հասնել իր նպատակին՝ անցնելով դրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Չնայած դրան՝ հրթիռը ցույց է տվել «գերձայնային զենքի մշակման զարմանալի առաջընթաց», - գրում է թերթը:
«Մենք գաղափար չունենք, թե ինչպես են նրանք դա արել», - ասել է ԱՄՆ հետախուզության աղբյուրը:
FT-ի աղբյուրները հայտնել են, որ հրթիռը տեսականորեն կարող է թռչել Հարավային բևեռի վրայով: Սա կարող է խնդիր առաջացնել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի համար, որը կենտրոնացած է հյուսիսային բևեռային ուղղությամբ:
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել փորձարկումների մասին տեղեկատվությունը, սակայն մտահոգություն է հայտնել առհասարակ Չինաստանի ռազմական գործունեության վերաբերյալ: ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Չինաստանի ռազմական կարողությունները «սադրում են լարվածությունը տարածաշրջանում և դրանից դուրս»:
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենգյուն նշել է, որ Չինաստանի ռազմական քաղաքականությունը պաշտպանական բնույթ ունի: Նրա խոսքով՝ Պեկինը «չունի գլոբալ ռազմավարություն եւ ԱՄՆ-ի նման ռազմական գործողությունների պլաններ»:
Նա կարծում է, որ ԱՄՆ-ն վերջին տարիներին չինական սպառնալիքի մասին «առասպել է մոգոնել»՝ գերձայանային զենքի ստեղծումը արդարացնելու համար:
Գերձայնային հրթիռի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է մանևրել:
Նախօրեին հաղորդվել էր, որ ամերիկյան զինվորականները մտադիր են հոկտեմբերի 20-29-ը Խաղաղ օվկիանոսում անհայտ հրթիռային համակարգ գործարկել: