Ներքին 4 տարի առաջ - 21:31 12-10-2021

Այս ամենի մեջ կա բոլորի շահը, բացի Հայաստանի շահից․ Թևան Պողոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովին ծանոթանալու համար առանձնապես ժամանակ չեղավ։ Եթե նախորդի դեպքում մարդիկ սպասում էին, գուցե ժամանակ էին տալիս նորաթուխ երիտասարդներին ինքնադրսևորվելու, այս խորհրդարանից ոչ ոք չհասցրեց ուշքի գալ։ Հենց առաջին լիագումար նիստից սկսած՝ սկանդալը սկանդալի հետևից։ Վերջում շշերը հայտնվեցին օդում, ու պատկերն ամբողջական դարձավ։

Հենց նման սկանդալներից հետո արտախորհրդարանական ընդդիմությունը սկսեց մեղադրել խորհրդարանական ընդդիմությանը անգործության մեջ։ Նրանց մեղադրում էին Փաշինյանի խաղը խաղալու ու նրան իշխանությանը պահելու մեջ։ Գտնվեցին նաև ավելի ռադիկալ կարծիքներ, ու արտախորհրդարանական ընդդիմությանը, ավելի կոնկրետ՝ «Հայաստան» դաշինքին ուղիղ մեղադրեցին Փաշինյանի հետ դաշինքի մեջ։

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հոկտեմբերի 10-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց․

«Քոչարյան-Փաշինյան դաշինքը կարող է պառակտել միայն մեկ բան, եթե Փաշինյանը հրաժարվի տալ Սյունիքով միջանցք, կամ չստորագրի դեմարկացիան: Միայն այդ դեպքում «ընդդիմությունը» հուժկու պայքարի կտրվի»։

Այս գրառումից անմիջապես հետո ամբողջ «Ֆեյսբուքը» կարծես մի պահ մոռացավ բոլոր իրական ու կեղծ օրակարգերը ու լծվեց «Ադեկվադ»-«Հայաստան» դաշինք հակամարտությունը մեկնաբանելուն։ Սկզբում արձագանքեց հենց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Այնուհետև հեռավար բանավեճին միացավ մեկ այլ դաշնակցական Գեղամ Մանուկյանը։ Հետաքրքրական էր, որ Դանիելյանի ուղիղ մեղադրանքին խորհրդարանական ընդդիմադիրները պատասխանեցին ռեբուսներով։

Ֆեյսբուքյան հանրույթն այս երկխոսությանն արձագանքեց շատ կտրուկ ու մեղադրանքների տարափ տեղաց, որ փորձ է արվում պառակտել ընդդիմությանը։

«Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը կարծում է, որ այս բախումները կարմիր թելով իրար է կապում մեկ բան՝ ռուսական շահը։

Ըստ Թևան Պողոսյանի՝ Ռուսաստանը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության շրջանակներում ունի իր ազդեցության գոտիները՝ ուղիղ, թե անուղղակի ազդեցությամբ իր շահերն է առաջ տանում։

«Այժմ նրա շահերին ավելի ձեռնտու է, որ Փաշինյանը մնա, քանի որ ավելի հեշտ է աշխատել ու հրամայել մեկին, ով քեզնից կախված է, քան աշխատել մեկի հետ, ում հետ ընկերական կապեր ունես»,- ընդգծում է Թևան Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը լծված չեն երկրի շահն ու արժանապատվությունը առաջ տանելու գործին։ Դա նրանց օրակարգում ընդամենը դեկլարատիվ բնույթ է կրում։ Կլինի դա Ռուսաստանի ուղիղ ազդեցությամբ, թե անուղղակի, նրան ձեռնտու է, որպեսզի ընդդիմության ներսում լինեն այս գզվռտոցները։ Դա կօգնի Փաշինյանին ավելի ամրապնդել իր իշխանությունը։ Ըստ քաղաքագետի՝ Դանիելյանի ասածների մեջ ճշմարտություն կա, պարզապես հասկանալի չէ նրա մոտիվը։

Ըստ Պողոսյանի՝ այս գզվռտոցները կամ շատ արագ կմարեն, կամ էլ, եթե լինի համապատասխան աջակցությունը, կարող է վերաճի լրիվ այլ բանի։ Ամեն դեպքում այս ամենի մեջ կա բոլորի շահը, բացի Հայաստանի շահից։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան