Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով Փաշինյանը հիշեց անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին
copy image url

Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով Փաշինյանը հիշեց անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին

Ներքին 3 տարի առաջ - 23:48 06-10-2021

«ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհրդի աշխատանքները, որի չափազանց կարևոր բաղադրիչն է պաշտպանության անվտանգության վերաբերյալ հարցեր, ընդհուպ՝ մինչև ռազմամթերքի մատակարարման հետ կապված հարցեր։ Օրերս աղմկահարույց քրեական գործի մասին լսեցինք, ձերբակալություններ, կալանավորում, լսեցինք միլիարդավոր դրամների, անորակ զենքի մասին։ Վարչապետը, լինելով ԱԽ ղեկավար, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես կառավարության անդամ, տեղեկություն ունեցե՞լ է այդ մասին, թե ոչ»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը նաև հիշեցրեց 5 միլիարդի (Փաշինյանի կողմից Արցախը 5 մլրդ դոլարի դիմաց վաճառելու մասին հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործ հեղ.) վերաբերյալ քրեական գործի մասին, որի ընթացքի մասին, սակայն, այդպես էլ որևէ տեղեկություն չի տրամադրվել, հայտնի է միայն քրեական գործ հարուցելու մասին։

Պատասխանելով Արամ Վարդևանյանի դիտարկմանը՝ Փաշինյանը հայտարարեց, որ խորհուրդ է տալիս «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, «Հայաստան» խմբակցության անդամները ցուցմունքներ տան քրեական գործով։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ հայրենիքի դավաճանության գործով իրեն հայտնի տեղեկությունները պետք է հայտնի։ Փաշինյանի կարծիքով՝ եթե մարդ կա, որ իրեն հայտնի է հայրենիքի դավաճանության մասին տեղեկություն և մինչև հիմա հրապարակային չի հայտարարել, դա արդեն դավաճանություն է։

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործին, Փաշինյանը հիշեց անմեղության կանխավարկածը, նշեց, որ կա գործի քննության ընթացակարգեր, կտեսնենք, թե ինչ է լինում՝ դատարան է գնում, դատավճիռ է լինում։ Փաշինյանը նշեց, որ առաջին և աննախադեպ դեպքը չէ, երբ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվում կամ կալանավորվում են, նման դեպքեր նախկինում եղել են, տեղի կունենա ամբողջական քննություն և բոլոր հանգամանքները կպարզվեն։

Վարդևանյանն էլ արձանագրեց՝ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց՝ անորակ զենքի մատակարարման մասին տեղեկություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ քրեական գործը հարուցվել է վարչապետին ենթակա մարմին՝ ԱԱԾ-ի կողմից և առանց քաղաքական կամքի առկայության, այդ կարգի քրեական գործերը չեն կարող բացահայտվել և բացահայտման ուղղությամբ գնալ։

Ի դեպ, սա, կարծես թե, առաջին անգամ էր, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթներում, անդրադառնալով որևէ քրեական գործի, հիշեցնում է անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին, քանի որ նախկինում վերջինիս կողմից քննադատության էր արժանանում նույնիսկ օրինական ուժի մեջ մտած դատարանի այն որոշումները, որոնք իր սրտով չեն։