Իսպանիայի հարավում և արևմուտքում տեղացած հորդառատ անձրևները լայնածավալ ջրհեղեղի պատճառ են դարձել: Հեղեղվել են ճանապարհները, փողոցները, տները, խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը, հաղորդում է La Vanguardia-ն:
Աղետից ամենից շատ տուժել են Բալեարյան կղզիները, Անդալուսիայի, Էստրեմադուրայի և Վալենսիայի ինքնավար համայնքները:
Նշվում է, որ ճանապարհներին ջրհեղեղի պատճառով տասնյակ ավտոմեքենաներ են արգելափակվել: Որոշ շրջաններում փողոցներում առաջացած ջրային հոսանքները պարզապես քշել-տարել են տրանսպորտային միջոցները:
Ֆերմերները հայտնել են, որ կարկուտը ոչնչացրել է խաղողի բերքի մինչև կեսը և գրեթե ամբողջությամբ՝ խուրմայի և ցիտրուսային մշակաբույսերի բերքը: Խոսքը ութ միլիոն եվրոյի վնասի մասին է:
Ըստ օդերեւութաբանների, տուժած շրջաններում տեղումների միջին քանակը կազմել է 110-116 մմ: Ալքերիա Բլանկա մունիցիպալիտետում վերջին 70 տարվա ընթացքում ռեկորդային տեղումներ են գրանցել: