copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:59 21-09-2021

Պատերազմից մեկ տարի անց ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ. ՀՀ նախագահ

Նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

«Ցավոք, դեռևս ոչ բոլոր արժանավորներն են գնահատվել հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Այսօր ձեր ստացած պարգևները հայրենիքի գնահատականն են։ Ճիշտ է, դեռևս ոչ բոլորն են գնահատվել, սակայն ինչպես ասում էր ԽՍՀՄ կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանը` հայրենիքից նեղանալ չի կարելի։ Այսօր կարևոր է զինվորի ներկայությանն այս արարողությանը, քանի որ մի քանի օրից արցախյան 44-րդ պատերազմի տարելիցն է»,- նշել է Սարգսյանը։

Նախագահի խոսքով` անկախությունը ձեռք է բերվել հավաքական ջանքերով, նվիրվածության և միասնության շնորհիվ։ Սարգսյանը նշեց` վերջին մեկ տարին առավել դժվար է եղել բոլորի համար և պատերազմից մեկ տարի անց էլ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:

«Զոհերից ուվիրավորներից բացի՝ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ, սահմանային և այլ բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- նշել է նախագահը՝ նաև հավելելով, որ 30 տարվա ընթացքում սովորել ենք հաղթել:

«30 տարվա ընթացքում ունեցել ենք շատ, բազմաթիվ հաղթանակներ, 30 տարվա ընթացքում ունեցել ենք և տոնել ենք մեծ հաղթանակ, սակայն այդ տարիներին հաջողությունների կողքին, դրանց հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները: Ժամանակը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել այդ ժամանակը»,- ասել է Սարգսյանն ու հավելել՝ պարգևատրվածները հենց այն անձինք են, որոնք կարողացել են ճիշտ տնօրինել ժամանակը, այն ծառայեցնել հայրենիքին ու ժողովրդին:

Սարգսյանն ընդգծել է՝ երբեք չպետք է դադարել մտածել անկախության և պետականության մասին, միշտ պետք է ունենալ պետական մտածողություն. «Պետականության ակունքները միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ են: Նույնիսկ երբ այդ համաձայնությունը փխրուն է, այդ փխրուն համաձայնությունը կարող է դառնալ հաջորդ հաղթանակի բանալին»:

Ամենից շատ դիտված