Նոր տարածաշրջանային պայմաններն անհրաժեշտ են դարձնում երկու երկրի փոխադարձ կապերի ամրապնդումը, երկկողմ համաձայնագրերի իրագործմանն ուղղված ջանքերն ու փոխգործակցության ուղիների որոնումը. Էբրահիմ Ռայիսի
copy image url

Նոր տարածաշրջանային պայմաններն անհրաժեշտ են դարձնում երկու երկրի փոխադարձ կապերի ամրապնդումը, երկկողմ համաձայնագրերի իրագործմանն ուղղված ջանքերն ու փոխգործակցության ուղիների որոնումը. Էբրահիմ Ռայիսի

Խոսք 3 տարի առաջ - 17:40 21-09-2021

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է իր վարչակազմի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ոլորտներում՝ նշելով, որ սերտ փոխգործակցությունը բխում է երկու հարևան երկրի շահերից և կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, Ռայիսին այսօր առանձին ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Փաշինյանին ուղղված խոսքում Իրանի ղեկավարը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև փոխադարձ կառուցողական հարաբերությունները, որոնք վերջին տարիներին քանակական և որակական աճ են գրանցել:

Նա նկատել է նաև, որ երկու հարևան երկրի լայն հնարավորությունները և նոր տարածաշրջանային ու միջազգային պայմաններն անհրաժեշտ են դարձնում փոխադարձ կապերի ամրապնդումը, երկկողմ համաձայնագրերի իրագործմանն ուղղված ջանքերը, փոխգործակցության ուղիների որոնումը և տարբեր ասպարեզներում կապերի խորացումը:

Ռայիսին ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի նոր կառավարությունները կարող են նշանակալի ձեռքբերումներ ունենալ նոր դարաշրջանում, նպաստել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը և գործել ի շահ երկու բարեկամ ժողովուրդի:

Կարևորելով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակն ընդլայնելու անհրաժեշտությունը՝ Ռայիսին նշել է. «Տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, տրանսպորտի և ֆինանսական համագործակցության հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծումը կարող է խթան և բեկումնային կետ դառնալ երկու երկրի հարաբերությունների զարգացման գործում»: