Ներքին 4 տարի առաջ - 15:02 14-09-2021

ՀՀ վարչապետն ու Իվան Կորչոկը կարևորել են ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը:

«Վարչապետը ողջունել է պարոն Կորչոկի այցը Հայաստան և կարևորել Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սլովակիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերվում»,- նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ նախորդ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը և շեշտել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարևորությունը:

Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր երկրի կառավարության շահագրգռվածությունը: Իվան Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարևորությունը, նաև փոխանցել Սլովակիայի ղեկավարության բարեկամական ուղերձները հայ ժողովրդին ու Հայաստանի վարչապետին։

Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ու շեշտել՝ չնայած համավարակի ու պատերազմի հետևանքներին, Հայաստանը բռնել է զարգացման ուղի։

Պարոն Կորչոկն ընդգծել է, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Սլովակիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից