Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան երկրին սպառնում է պատերազմով
copy image url

Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան երկրին սպառնում է պատերազմով

Արտաքին 3 տարի առաջ - 19:55 27-08-2021

Թուրքիան պատերազմով է սպառնում Հունաստանին, եթե Աթենքն ընդլայնի տարածքային ջրերը Էգեյան ծովում 6-12 ծովային մղոն եւ մարտահրավեր նետի հունական կղզիների ինքնիշխանությանը՝ խախտելով միջազգային իրավունքը եւ միջազգային ծովային իրավունքները: Այս մասին ուրբաթ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հետ հանդիպումից հետո: Հույն նախարարի հայտարարությունները տարածել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Դենդիասի խոսքով՝ «Թուրքիան մարտահրավեր է նետում հունական կղզիների ինքնիշխանությանը եւ ինքնիշխան իրավունքներին, որոնց նրանք տիրապետում են՝ առանց վիճարկելու որեւէ հնարավորության՝ միջազգային իրավունքին համապատասխան»: «Թուրքիան, խախտելով իրավունքի բոլոր նորմերը, պատերազմով է սպառնացել Հունաստանին, եթե վերջինս օգտագործի այդ կղզիների տարածքային ջրերն ընդլայնելու իր անքակտելի իրավունքը: Այն միջազգային հանրության միակ երկիրն է, որը հանդես է եկել պատերազմի սպառնալիքով այլ երկրի դեմ: Ընդ որում, այն դեպքում, երբ այս մյուս երկիրը օգտվելու է [տարածքային ջրերն ընդլայնելու] իր անօտարելի իրավունքներից», - ասել է նախարարը:

Դենդիասը կարծում է, որ Միացյալ Նահանգների, Հունաստանի եւ այլ երկրների առաջնահերթությունների թվում պետք է լինի «սպառազինությունների առաջատար համակարգերի արտահանման արգելքն այն երկրներ, որոնք նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը»: Նախարարը նկատի ուներ Թուրքիային, թեեւ ուղղակիորեն չնշեց: «Թույլ տվեք ասել, որ նման դիրքորոշումը իդեալական է ոչ միայն Միացյալ Նահանգների եւ նրա վարչակազմի համար, այլեւ դաշնակից այլ երկրների համար, ովքեր հավատում են նույն իդեալներին եւ նույն արժեքներին: Խոսենք այնպիսի խոստումնալից ինքնաթիռների մասին, ինչպիսիք են F-35-ը, թե ժամանակակից սուզանավերի մասին, այս արգելքը պետք է զուգակցվի այն երկրների դեմ պատժամիջոցների կիրառման հետ, որոնց գործողությունները սպառնում են մեր դաշինքի` ՆԱՏՕ-ի համախմբվածությանը», - ընդգծել է Հունաստանի արտգործնախարարը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Լիբիայում չեն կարող լինել անթերի ընտրություններ` դրա տարածքում օտարերկրյա ուժերի եւ վարձկանների առկայության պայմաններով: «Եթե Լիբիան ավելի ապակայունանա, ապա կա հարեւան երկրներ անկայունության տարածման վտանգ», - ասել է Դենդիասը:

Անկարան չի ստորագրել «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, համաձայն որի՝ երկրները կարող են ընդլայնել իրենց տարածքային ջրերը մինչեւ 12 ծովային մղոն: 1995 թվականին՝ Հունաստանի խորհրդարանի կողմից այս կոնվենցիայի վավերացման ժամանակ, Անկարան հայտարարեց, որ եթե Հունաստանը տարածքային ջրերն ընդլայնի 6-12 ծովային մղոն, դա կհամարվի Թուրքիայի ինքնիշխանության խախտում եւ, հետեւաբար, կդառնա casus belli ( լատ.- պատերազմ հայտարարելու պաշտոնական պատճառ): Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Հունաստանին պատերազմով է սպառնացել 2020 թվականի օգոստոսի 29-ին, եթե այն Էգեյան ծովում տարածքային ջրերն ընդլայնի մինչեւ 12 ծովային մղոն:

Հունաստանը վաղուց ձգտում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից էմբարգո կիրառել Թուրքիա մատակարարվող զենքի վրա: 2020 թվականի հոկտեմբերին Դենդիասը Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասին ուղղված ուղերձում խնդրել է թույլտվություն չտալ ռազմական սարքավորումների, ինչպիսիք են սուզանավերի, ֆրեգատների, ինքնաթիռների արտահանումը Թուրքիա, ինչպես նաեւ չթույլատրել զրահապատ մեքենաների արդիականացում: Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը նույնպես ընդգծել է, որ անդամ երկրները չպետք է Թուրքիա արտահանեն հարձակողական զենք, որն ուղղված է ԵՄ անդամ այլ երկրների դեմ: Այնուամենայնիվ, ԵՄ մի շարք խոշոր երկրներ, առաջին հերթին՝ Գերմանիան, Իտալիան եւ Իսպանիան, դեմ են Թուրքիայի դեմ իրական պատժամիջոցներին՝ վախենալով, որ դա կվնասի իրենց սեփական արդյունաբերական շահերն այդ երկրում: Ըստ գերմանական մամուլի գնահատականների՝ Թուրքիային բաժին է ընկնում ԳԴՀ զենքի մատակարարումների ավելի քան մեկ երրորդը:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին

Ձեզ գուցե հետաքրքրի