Ներքին 4 տարի առաջ - 16:10 06-08-2021

Բացահայտվել են «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի իրականացրած չարաշահումները. քրգործ է հարուցվել

Նախկին գյուղնախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ը պետական գնումներում չարաշահումներ է թույլ տվել, որոնք բացահայտվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության` ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի (2017թ. գործունեությունը դադարեցվել է և ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ) կողմից ՀԲ–ի աջակցությամբ և պետության համաֆիանսավորմամբ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացված գնումների վերաբերյալ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները:

Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել ու ստացվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Արդյունքում պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ը ձեռք է բերել գյուղատնտեսական տեխնիկա և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հանձնել թվով 8 մարզերում ստեղծված 113 կոոպերատիվներին:

Հաշվեքննիչ պալատը ԾԻԳ-ի վկայակոչած ձեռքբերումներից իրականացրել է ընտրանքային թվով 9 պայմանագրերի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի գները էականորեն գերազանցել են շուկայական գներին:

ԾԻԳ-ի կազմակերպած մրցույթներին հիմնականում մասնակցել են 3-5 միևնույն կամ իրար հետ փոխկապակցված ընկերություններ: Օրինակ` մի դեպքում սակարկությանը գնառաջարկ ներկայացնելու հրավերներ է ուղարկվել 9 ընկերության, որոնցից առնվազն 4-ի հիմնադիրները միևնույն անձինք են: Մեկ այլ դեպքում սակարկությանը գնառաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկվել 8 ընկերության, որոնցից առնվազն 3-ի հիմնադիրը միևնույն անձն է: Ընդ որում, նշված ընկերությունները հանդիսացել են սակարկությանը գնառաջարկ ներկայացրած միակ հայտատուները: Մնացած ընկերությունների՝ հրավերքին որևէ արձագանք տալու վերաբերյալ տվյալներ առկա չեն, թեև ընկերություններին խնդրել են փոստով կամ ֆաքսով հաստատել հրավերքի ստացումը, ինչպես նաև մասնակցությունը կամ հրաժարվելը:

Պարզվել է նաև, որ ԾԻԳ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. դեկտեմբերի 25-ին ընդունել են «Կ...» ՍՊ ընկերության 27.960.000 ՀՀ դրամով թվով 4 բեռնատար ավտոմեքենաների, 2016թ. մայիսի 13-ին՝ 40.050.000 ՀՀ դրամով թվով 6 բեռնատար մեքենաների մատակարարման գնառաջարկը և, անտեսելով, որ գնառաջարկ ներկայացրած ընկերությունները հիմնադրվել են միևնույն անձի կողմից, կնքվել են մատակարարման պայմանագրեր:

Բացի այդ, արտադրող և դիստրիբյուտոր ընկերությունների պաշտոնական տեղեկատվության միջոցների, գյուղտեխնիկա վաճառող ընկերություններից ստացված գնացուցակների և ՀՀ ՊԵԿ-ի կողմից տրամադրված ներմուծման վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ վերոհիշյալ 68.000.000 ՀՀ դրամով ձեռք բերված բեռնատար մեքենաների շուկայական արժեքը կազմում է 44.391.200 ՀՀ դրամ:

Փաստորեն ԾԻԳ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2015-2016թթ. պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով փոխկապակցված անձանց գնման գործընթացին միաժամանակյա մասնակցության հանգամանքը, գնառաջարկ ներկայացնելու հրավեր են ուղարկել միևնույն անձի կողմից հիմնադրած ընկերություններին:

Չունենալով հրավերը ստանալու, գնման գործընթացին մասնակցության կամ հրաժարվելու վերաբերյալ մնացած ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ իբրև ամենացածր գնառաջարկ ներկայացրած հայտատու են ճանաչել «Կ...» ՍՊԸ-ին:

Արդյունքում իրականում ավտոմեքենաները ձեռք են բերել գնառաջարկ ներկայացրած միևնույն անձի կողմից հիմնադրած ընկերությունից՝ շուկայական գներից անհամեմատ բարձր գներով՝ բյուջեին միայն վկայակոչած ուսումնասիրված պայմանագրերով պատճառելով շուրջ 24.000.000 ՀՀ դրամի վնաս:

Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:



Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
09:27 Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է. այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը․ Սուրենյանց
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը

Ձեզ գուցե հետաքրքրի