Հունաստանում աննախադեպ շոգերը անտառային աղետալի հրդեհների պատճառ են դարձել: Ընդամենը մեկ օրում երկրի արտակարգ ծառայությունները գրանցել են 81 հրդեհ: Հրդեհի տարերքը ընդհուպ մոտեցել է Աթենքին. անտառներ են այրվում Հունաստանի մայրաքաղաքի հյուսիսային արվարձաններում՝ Վարիբոբի, Ադամես և Ֆրակոմակեդոնես բնակավայրերի մոտ:
Իշխանությունները տարհանել են ութ բնակավայրերի բնակչությանը, որոնք վտանգավոր աստիճանի մոտ էին արտակարգ դեպքի գոտուն: Հրդեհի պատճառով փակվել են Աթենքը Հունաստանի հարավային և հյուսիսային շրջաններին կապող ճանապարհները:
Օդերևութաբանների կանխատեսումներով, անոմալ շոգերը կպահպանվեն ևս 10-12 օր: