Սաուդյան Արաբիայի իշխանությունները կսահմանափակեն քաղաքացիների մեկնումը թագավորությունից որոշ երկրներ, այդ թվում՝ Հայաստան
copy image url

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կսահմանափակեն քաղաքացիների մեկնումը թագավորությունից որոշ երկրներ, այդ թվում՝ Հայաստան

Արտաքին 3 տարի առաջ - 22:58 27-07-2021

Սաուդյան Արաբիայի իշխանությունները երեք տարով կարգելեն քաղաքացիներին լքել երկիրը, եթե նրանք խախտեն համաճարակաբանական պատճառներով ներդրված որոշակի երկրներ այցելելու արգելքը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թագավորության ներքին գործերի նախարարությունը Twitter-ի իր էջում:

«Բոլոր նրանց, ովքեր կայցելեն երկրներ, որտեղ ճանապարհորդությունն արգելված է, վերադառնալուց հետո պատասխանատվություն են կրելու օրենքի առջև և ենթարկվելու են խիստ պատժամիջոցների․ նրանց արգելվելու է երեք տարի ճանապարհորդել թագավորությունից դուրս», - ասված է նախարարության տարածած հայտարարությունում։

COVID-19-ի շարունակվող համաճարակի և կորոնավիրուսային շտամների տարածման ֆոնին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հիշեցրել են որոշ երկրներ այցելությունների ներկայիս արգելքը, ներառյալ այլ պետությունների միջով տարանցումը: Այդ երկրների թվում են ԱՄԷ-ն, Լիբիան, Սիրիան, Լիբանանը, Եմենը, Իրանը, Թուրքիան, Հայաստանը, Եթովպիան, Սոմալին, Աֆղանստանը, Վենեսուելան, Բելառուսը, Հնդկաստանը և Վիետնամը: Բացառություններ են արվում դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների, օտարերկրյա պատվիրակությունների, օդանավերի անձնակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև դեղերի մատակարարմամբ զբաղվող անձանց համար:

Բացի այդ, Սաուդյան Արաբիայի իշխանությունները օգոստոսի 9-ից թույլ կտան այս երկրներ այցելել միայն այն քաղաքացիներին, ովքեր ստացել են կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Բացառություն են կազմում 12 տարին չլրացած անձինք, պայմանով, որ նրանք ապահովագրեն թագավորության կենտրոնական բանկի կողմից հաստատված ապահովագրական պոլիս, որը փոխհատուցում է երկրից դուրս COVID-19-ի պատճառած հիվանդությունների հետ կապված ռիսկերը, ինչպես նաև այն անձիք, որոնք ոչ ավել, քան վեց ամիս առաջ հիվանդացել են կորոնավիրուսով և ստացել պատվաստանյութի մեկ դեղաչափ: Միևնույն ժամանակ, տուրիստական ​​վիզա ունեցող օտարերկրյա պետությունների քաղաքացիներին արգելվում է մուտք գործել թագավորություն կորոնավիրուսի համաճարակի ընթացքում:

Մինչ օրս Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 25 121 872 մարդ: Թագավորությունում պատվաստումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերին, այն հայտարարվում է կամավոր և անվճար: Միևնույն ժամանակ, ինչպես երկրի քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների ռեզիդենտները կարող են պատվաստվել:

Համաձայն Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ համաճարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է 520 774 COVID-19 դեպք, վարակի հետևանքներից մահացել է 8189 հիվանդ: Ներկայումս թագավորությունում բուժում է անցնում ընդհանուր առմամբ 11136 մարդ, որից 1419-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ձեզ գուցե հետաքրքրի