Որևէ մեկը հանրությանը չի կարող համոզել, որ այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «կապույտ «չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու», «կտեսնեք կադրային ջարդուփշուր», «պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից», «հիմա «չագուչի» հետ կծանոթանաք» և այլն, կարող են տեղ ունենալ ժողովրդավարական արժեքներ ապավինող երկրում և, ինչն առավել սարսափելի է, կարող է հնչեցվել երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից։ Այս մասին քիչ առաջ ՍԴ-ում «Պատիվ ունեմ» դաշինքի եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ , արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Պետք է ունենալ մեծ խիզախություն, որ արձանագրվի՝ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը։
Ձեր կողմնորոշումն այս գործով, ցավոք, ակներև է։ Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ՝ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու՝ դառնալու Հայաստանում Սահմանադրության ու սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության ու անկախ դատական համակարգի առաջնորդ։
Սակայն առաջնորդությունն ունի իր գինը ու դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը, այդ գինը դժվարին ու շարունակական աշխատանք է՝ որոշումներ կայացնելու համարձակությունը, ճնշմանը դիմակայելու ունակությունը ու ինքներդ ձեզ երբեք չխաբելու բացառիկ ազնվությունը։ Ի վերջո, ոչ ոք չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր։ Առաջին անգամ է, որ ես, կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության ու համընդանուր պարտության զգացում։ Ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը։ Ձեր ամենաբարդ որոշումն այսօրվա քննարկվող հարցը չի լինելու, ձեր ամենաբարդ որոշումները կայացնելու եք այսօրվա որոշումներից հետո՝ հաշված ամիսների ընթացքում, որոշումը ձերն է, բարձր դատարան։Փաշինյանն ապօրինի է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ուստի, վարչական ռեսուրսի օգտագործման այն մասը, որն այլապես օրենքով համարվում է որպես օրինական, իրականում ապօրինի է»,- պնդեց Հարությունյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f10846baa12f9e28732f66ad419d5f8c
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»