Ինչպես վարկաբեկել ԵՊՀ-ն ու հայկականությունը. ԿԳՄՍ «պաստառային» հատուկ քաղաքականությունը
copy image url

Ինչպես վարկաբեկել ԵՊՀ-ն ու հայկականությունը. ԿԳՄՍ «պաստառային» հատուկ քաղաքականությունը

Ներքին 3 տարի առաջ - 18:37 08-07-2021

Մինչև 2018-ի հեղափոխությունը՝ նախկին իշխանության օրոք, Երևանում և հանրապետության ողջ տարածքում, գովազդային բաներներից բացի, տեղադրվել էին նաև հայ մեծերի ու ականավոր պետական, ռազմական գործիչների պատկերներով պաստառներ: Գովազդային ընկերությունը, որը, ենթադրենք, ունի 30 գովազդային վահանակ, իր՝ կոմերցիոն գովազդներից ազատ վահանակների վրա տեղադրել էր տվյալ բովանդակության սոցիալական վահանակներ, որի հետ կապված գործողությունները սկզբնական փուլում համաձայնեցվել է քաղաքապետարանի հետ: Հետագա գործողությունները՝ ապամոնտաժում, տեղափոխում և այլն, արդեն չի վերահսկվում քաղաքապետարանի կողմից, և գովազդային գործակալությունն ինքը պետք է փոխի վահանակների պաստառները: Եվ արդեն մի քանի տարի է, ինչ «Հայ մեծերի» խունացած պատկերները չեն նորացվել, փոփոխության չեն ենթարկվել՝ հակառակ ազդեցություն թողնելով քաղաքացիների վրա:

Նույնը կատարվում է ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում համալսարանի ղեկավարության «Ես համալսարանական եմ» նախաձեռնության հետ: Նախաձեռնության համաձայն՝ ԵՊՀ հարակից փողոցներում՝ մինչև Օպերա հատված, որտեղ պետք է կազմակերպվեր համալսարանականների քայլերթ, 100-ամյա պատմությունը պետք է ներկայացվեր նաև անվանի համալսարանականների մասին պատմող գովազդային վահանակներով: 2019 թ. ԿԳՄՍ համաձայնությամբ ԵՊՀ-ի և Քաղաքապետարանի միջև կնքվեց համապատասախան պայմանագիր, ըստ որի՝ 6 ամիս ժամկետով քաղաքի վերոնշյալ հատվածում տեղադրվեցին գովազդային լեդ-պաստառներ: Հավելենք, որ նախկին ԿԳՄՍ նախարարի՝ Արայիկ Հարությունյանի կարգադրությամբ լուսանկարներում արդեն մահացած հայտնի համալսարանականներին էին, որոնք մեծ վաստակ ունեին համալսարանի կայացման գործում:

Մեր տեղեկություններով, հենց Արայիկ Հարությունյանի պնդմամբ էլ բոլոր լուսանկարները տպագրվել են սև և սպիտակ: Բացի դրանից, առաջարկ է եղել նաև լուսանկարներում ներառել Ռաֆայել Իշխանյանի և ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հոր՝ Հրաչիկ Սիմոնյանի նկարները, ինչը մերժվել է: Նշենք նաև, որ գովազդային պաստառների տպագրությունը պատվիրվել էր «Media House Armenia» գովազդային գործակալությանը, որի տնօրենն Արայիկ Հարությունյանի եղբայր Արման Հարությունյանն է:

Օրագիր.news-ը թեմայի շուրջ զրուցել է Երևանի քաղաքապետարանի գովազդի բաժնի մասնագետ Արտյոմ Սաֆարյանի հետ, որը, ի զարմանս մեզ, նշեց, որ ԵՊՀ 100-ամյակին նվիրված պաստառներն ապամոնտաժվել են, մասնավորապես վերջին վահանակն ապամոնտաժվել է մոտ 4 շաբաթ առաջ: «Վահանակների ապամոնտաժման վերաբերյալ մենք գրություն էինք ստացել համալսարանից և հենց նույն օրն էլ ԵՊՀ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպելու համապատասխան վայրում, որտեղ առկա է վահանակը: Նշված վայրում ԵՊՀ ներկայացուցիչը, որը պատկառելի տարիքի մի մարդ էր, ցույց է տվել վահանակի տեղը, որն էլ արագ ապամոնտաժվել է, իսկ երկրորդ վահանակի տեղը մեր պապիկն այդպես էլ չգտավ: Դրանից հետո մեզ ոչ ոք չի դիմել տվյալ հարցով: Եթե համալսարանում կա մեկը, որը մեզ կմատնանշի կոնկրետ փողոց, որտեղ դեռևս վահանակ կա, մենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ կզբաղվենք այդ հարցով: Ոչ մի խնդիր չկա: Ի վերջո, այդ գովազդային վահանակները, որոնք սոցիալական բնույթ ունեն և վճարովի հիմունքներով չեն արվել, մեր կողմից չեն վերահսկվում: ԵՊՀ-ն ինքը պետք է որոշի, թե երբ, որտեղ և ինչ ժամկետով են դրանք տեղադրվում: Մենք որևէ մեկին զգուշացնելու կամ նկատողություն անելու իրավասություն չունենք: Ես սրտացավ եմ մեր համալսարանի համար, քանի որ ինքս համալսարանի սան եմ»,- ասում է Սաֆարյանը:

Համալսարանական պաստառների դիզայներ Էդիկ Պողոսյանը նշեց, որ դեռևս պատրաստման փուլում նա կարծիք է հայտնել, որ ճիշտ չէ վահանակներին պատկերել միայն հանգուցյալ համալսարանականների: «Գովազդային արշավից այնպիսի տպավորություն էր, որ կարծես ԵՊՀ միայն հանգուցյալների կառույց է: Պետք էր զուգահեռաբար նաև ժամանակակակից ու, ինչու ոչ, նաև երիտասարդ գիտնականներին ներկայացնեին անվանի համալսարանականների կողքին: Այսինքն ներկայացվեց՝ ինչ ուներ համալսարանը, բայց ինչ ունի հիմա՝ անտեսվեց: Հենց այդ պահին դա արդեն հակագովազդ էր»,- ասում է Պողոսյանը և հավելում, որ ինքն անձամբ՝ որպես նախագծի դիզայներ ու պարզապես քաղաքացի, բոլոր խնդիրների մասին բարձրաձայնել է, սակայն ապարդյուն՝ տպագրվեցին հանգուցյալների սև ու սպիտակ պաստառներ: