Ներքին 5 տարի առաջ - 17:31 06-07-2021

Ադրբեջանի զինծառայողները Խնածախում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 անասուն. ՄԻՊ

Այսօր ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի մարզում Խնածախ և Տեղ գյուղերի բնակիչների իրավունքների խախտման երկու ահազանգ։ Ահազանգերի հիման վրա պարզվել է՝

Խնածախ գյուղի հովիվը ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ. հուլիսի 6-ին, ինչպես արել է միշտ, արածեցրել է գյուղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերավոր կենդանի: Հովվին օգնել է նաև նրա 13-ամյա երեխան:

Առավոտյան ժամը 06:00-06:30-ի սահմաններում խոշոր եղջերավոր կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին: Այդ կենդանիների մոտ է գտնվել երեխան, ով փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք ադրբեջանական դիրքին մոտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝ գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք:

Պարզված տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինծառայողների հափշտակության մասին հովիվն անմիջապես տեղեկացրել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարին: Ահազանգը ստանալուց հետո վերջինն անմիջապես կապ է հաստատել ՀՀ Զինված ուժերի առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո ձեռնարկված քայլերով է միայն հնարավոր եղել խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձնել հովվին:

Մյուս միջադեպը վերաբերում է Տեղ գյուղի բնակիչների իրավունքների խախտմանը: Մասնավորապես, այսօր գյուղի բնակիչները գյուղատնտեսական տեխնիկայով գնացել են գյուղի մոտակա տարածք՝ նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի բերքահավաքի համար: Սակայն ադրբեջանական զինծառայողները, տվյալ տարածքը դիտարկման ներքո պահելու հետևանքով, թույլ չեն տվել ցորենի հավաքը։

Գյուղերի բնակիչների տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստուգել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների հետ քննարկումներով: Առաջին միջադեպի հետ կապված՝ հրապարակումներ են եղել նաև մի շարք լրատվամիջոցներում:

Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:

Այս ամենն անհրաժեշտ է դիտարկել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար իրականացնում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ:

ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը:

Այս միջադեպերը հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից