Ներքին 5 տարի առաջ - 22:27 02-07-2021

Վերջին ժամանակահատվածում արձանագրված ինքնասպանության մի շարք դեպքեր առնչություն ունեն 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների հետ․ դատախազություն

Դատախազության գործառույթների իրականացման շրջանակում պարզվել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ 2020-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:

Մասնավորապես, 2021թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 1975-ին ծնված անձը, որը պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որպես դիպուկահար, կամավորական հիմունքներով «Աջափնյակ» ջոկատի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, գտնվել Հադրութում, Մարտակերտում՝ ողնաշարի և ոտքի շրջաններում ստանալով մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում, անընդհատ օգտագործել ալկոհոլ և 2021թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին ինքնասպանություն գործելու փորձեր կատարել:

Մեկ այլ՝ 2021թ. մայիսի 10-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում բնակարանի պատուհանից նետվելու միջոցով կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձի որդին՝ ժամկետային զինծառայողը, մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ լինելով ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ որդուց որևէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին, հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել նրա դիակը, որի արդյունքում հոգեկան ներաշխարհը խաթարվել է:

Բացի դրանից՝ 2021թ. ապրիլի 26-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1993թ. ծնված անձը զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևան քաղաքի «Կիևյան» կամրջի մոտ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում նա բացատրություն է տվել այն մասին, որ կամավորական հիմունքներով մասնակցել է 2016թ. ապրիլյան և 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի, չի կարողանում քնել ու ապրելու ցանկություն չունի:

Այսինքն՝ պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, բացասական ազդեցություն է գործում մարդկանց, հատկապես պատերազմի մասնակիցների, զոհերի և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների՝ պատերազմի, որպես սոցիալական արհավիրքի, աղետաբեր հետևանքների անմիջական կրողների հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով տարբեր հոգետրավմատիկ իրավիճակների, ընդհուպ՝ հոգեբանական տարբեր խանգարումների: Հոգեբանական նշված խնդրի ազդեցությունը կարող է լինել բավականին երկարատև և դժվար հաղթահարելի, եթե դրա չեզոքացման համար ձեռնարկվող միջոցառումները չլինեն բազմակողմանի և համալիր, այսինքն` նշված անձինք առանձնահատուկ հոգածության կարիք ունեն:

Հոգեբանական վերոնշյալ խնդիրների պատճառների և հետևանքների վերլուծությունը, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված գործողությունները ՀՀ դատախազության համար էական են՝ հաշվի առնելով հետպատերազմյան ողբերգական հետևանքները նվազագույնի դարձնելու անհրաժեշտությունը:

Ելնելով վերոնշյալից, խնդրի լուծման հրատապությունից և սոցիալական նշանակությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկելով վերը թվարկված դեպքերը քննարկման առարկա դարձնել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ, առավել արդյունավետ և ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունը: Առաջարկվել է նաև ընդլայնել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների տրամադրումը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին