Արտաքին 5 տարի առաջ - 10:28 25-06-2021

Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ,

Հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքներն ու հաջողություններ մաղթում Ձեր շարունակվող պաշտոնավարմանը` ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են բացառիկ հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև պատմական առնչությունների վրա և սնուցվում են մեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև առանձնաշնորհյալ երկխոսությամբ:

Ուրախ կլինեմ Ձեզ հետ շարունակել Ձեր առաջին մանդատի ընթացքում մեր համատեղ նախաձեռնած աշխատանքը: Գիտեք, որ Ֆրանսիան հետաքրքրությամբ է հետևում Հայաստանում Ձեր ձեռնարկած բարեփոխումներին:

Ինչպես առիթ ունեցա վերահաստատելու Ձեզ ս.թ. հունիսի 1-ին Փարիզ կատարած Ձեր այցի ընթացքում, հայ ժողովուրդը ժողովրդավարության և իրավական պետության ամրապնդման իր հաստատակամության մեջ կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար սատարմանը: Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը ևս կշարունակի ամրապնդվել: Վճռական լինելով շարունակել խոցելի բնակչություններին մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը` Ֆրանսիան միաբան է Ձեր երկրի հետ՝ օգնելու հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգման պայմաններում:

Այդ առումով ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորման որոնման հարցում: Հավատացած եղեք, որ մենք հանձնառու ենք հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վերականգնմանը, որը միակ ուղին է, որ ի զորու է երաշխավորել Հարավային Կովկասում երկարատև կայունության հաստատումը, ինչպես նաև խթանել տարածաշրջանի ժողովուրդների հետ խաղաղության, համերաշխության և բարեկամության մեր ընդհանուր արժեքները:

Վերստին Ձեզ հղելով իմ ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների