Սփյուռքը պետք է դարձնել հայաստանյան կյանքի մասնակիցն ու դերակատարը. Արման Եղիազարյան
copy image url

Սփյուռքը պետք է դարձնել հայաստանյան կյանքի մասնակիցն ու դերակատարը. Արման Եղիազարյան

Խոսք 3 տարի առաջ - 17:27 24-06-2021

Հայաստան-սփյուռք կապերի ներկա վիճակի, համագործակցության ամրապնդման և հետագա անելիքների վերաբերյալ Օրագիր.news-ի հարցերին պատասխանում է սփյուռքագետ Արման Եղիազարյանը:

-Պարո՛ն Եղիազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք սփյուռքի արձագանքը ընտրություններին:

-Ինձ համար սփյուռքի՝ այս պահին դեռևս ոչ համակողմանի արձագանքը ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններին սպասելի էր, քանի որ հայկական սփյուռքն իրենից ո´չ ընկերային և ո´չ էլ քաղաքական առումով չի ներկայացնում մեկ ամբողջություն, ի սկզբանե էլ պարզ էր, որ նրա արձագանքն էլ լինելու էր ոչ միանշանակ: Մյուս կողմից սպասելի էր, որ սփյուռքը, որպես խնդրո առարկա ընտրությունների՝ ընդհանուր առմամբ ոչ ուղղակի մասնակից, իր գնահատականներում լինելու էր զգուշավոր և չափավոր: Բացառություն է միայն սփյուռքի քաղաքական կառույցներից ամենաազդեցիկը՝ ՀՅԴ-ն, որն ուղղակիորեն ընդգրկված էր ընտրություններում: Մյուսներն առավել մտահոգ և կենտրոնացված էին հետընտրական կայունության վրա, ինչն էլ ազդելու էր նրանցից յուրաքանչյուրի արձագանքի բովանդակության վրա: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես միշտ, քաղաքական որևէ ճամբարի չի հարել: Ինչ վերաբերում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը, ապա այն մշտապես աչքի է ընկել խիստ կշռադատված մոտեցումներով, եթե նույնիսկ ստիպված արտահայտվել է այս կամ այն քաղաքական իրողության վերաբերյալ: Հայաստանում տիրող հետընտրական իրավիճակի վերաբերյալ սփյուռքի մտահոգությունների ընդհանրացված արտահայտությունն առկա է Երուսաղեմի Հայոց պատրիարքի՝ ընտրություններում հաղթանակած կուսակցությանն ուղղված շնորհավորանքում, որտեղ հիմնական շեշտադրումը կատարված է հայաստանյան հասարակության համերաշխության ապահովման, զույգ հայկական հանրապետությունների անվտանգության ապահովման, բանակի մարտունակության բարձրացման, տնտեսության հզորացման անհրաժեշտության վրա: Եթե փորձեմ ընդհանրացնել, ընդհանուր առմամբ սփյուռքի արձագանքում որևէ անակնկալ չեղավ:

-Ի՞նչ գնահատական կտաք իշխանության՝ սփյուռքի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ վարած քաղաքականությանը:

-Եթե կարճ պատասխանեմ, ապա նախորդ տարիներին սփյուռքի հետ աշխատանքների ոչ բավարար ինտենսիվությունն ու բովանդակությունը ստիպում են մտածել ավելի լավ տարբերակների մասին: Սակայն հանուն արդարության պետք է նշել օբյեկտիվ պատճառների մասին: Խոսքը համավարակի և պատերազմի պայմաններում առաջացած դժվարությունների մասին է, թեև պատերազմն ինքնին պետք է նպաստեր հայրենիք-սփյուռք կապերի սերտացմանը, ինչն, օրինակ, ակնհայտ էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի ժամանակ: ՀՀ սփյուռքի նախարարության փակումից հետո փոխվել է հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքականության բովանդակությունը: Թեև ի սկզբանե խոստացվեց օգտագործել նախարարության փորձը, սակայն դա ակնառու չէ: Ավելին, հայրենադարձության գործընթացի նկատմամբ վերաբերմունքից բխում է, որ այդ փորձը երբեմն անտեսվել է: Օրինակ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը ի սկզբանե մտորել էր զանգվածային հայրենադարձության մասին, սակայն հետագայում հրաժարվել այդ մտքից ու կենտրոնացել համապատասխան օրենքի ընդունման ճանապարհով հայրենադարձության գործընթացը կանոնակարգելու վրա՝ թիրախում ունենալով հայրենադարձության առանձին (անհատական) դեպքերը: 2018թ. խոսվում էր զանգվածային հայրենադարձության հարուցման մասին, սակայն հետագայում պարզ դարձավ դրա անհնարինությունը: Այժմ մտորում են հայրենադարձության գործընթացը օրենքով կարգավորելու մասին: Մասամբ իրականացվել է սփյուռքի ներկայացուցիչների՝ ՀՀ կառավարման համակարգում ընդգրկման օրենսդրական արգելքների վերացման նպատակը, որի արդյունքում մի քանի սփյուռքահայեր ընդգրկվել էր ՀՀ կառավարության աշխատանքներում: Չի իրականացվել երկրի տնտեսական զարգացման գործում սփյուռքի գործարար ներուժի լիարժեք ներգրավման նպատակը, համահայկական գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական ցանցերի ձևավորման նպատակը դեռևս շատ հեռու է իրականություն դառնալուց, չի իրականացվել սփյուռքի հայ համայնքների՝ բնակության երկրի և Հայաստանի միջև կայուն հարաբերությունների կամրջող դերի մեծացման նպատակը և այլն: Իսկ 2020 թ., նշածս օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև ՀՀ-ում իրականացված այսպես կոչված «ճգնաժամային կառավարման» պայմաններում, պետական քաղաքականության «սփյուռքյան բաղադրիչը» ուղղակի աննշան էր: Եթե ամփոփ, ապա անելիքները շատ-շատ են, երբեմն՝ անհնարինության աստիճան դժվարին թվացող:

-Ի՞նչ տեսլական կարող եք ուղենշել հայրենիք-սփյուռք հարաբերությունների ոլորտում, ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

-Հայրենիք-սփյուռք հարաբերությունների ցանկացած տեսլական բխում է հայաստանյան իրականության մեջ սփյուռքին հատկացվող տեղից ու դերից: Ավելի որոշակի՝ հայրենիք-սփյուռք հարաբերությունների տեսլականը կախյալ փոփոխական է Հայաստանում սփյուռքի ներկայության չափից: Եթե համարում ենք, որ սփյուռքը ՀՀ-ի հավելյալ հնարավորությունն է, մեր պետությունը միջազգային հարաբերություններում ազդեցիկ դարձնելու գործոններից մեկը, երկրի տնտեսության հզորացման դերակատարը, երկրի քաղաքական կյանքի մասնակիցը, ապա հայրենիք-սփյուռք հարաբերությունների տեսլականն էլ համապատասխան որակ ու բովանդակություն է ստանում: Այլ բան է, եթե համարում ենք, որ սփյուռքը պետք է լինի միայն կողքից օգնողի և լուռ դիտողի դերում: Համարում եմ, որ 21-րդ դարի Հայաստանը սփյուռքի հնարավորությունների մեկտեղմամբ ի զորու է լուծելու բազմաթիվ ներքին ու արտաքին դժվարին խնդիրներ: Սակայն մինչ այդ այժմ վերջապես անհրաժեշտ է գաղափարաբանորեն և օրենսդրորեն ամրագրել սփյուռքի լիարժեք տեղն ու դերը հայաստանյան իրականության մեջ, սփյուռքը դարձնել հայաստանյան կյանքի մասնակիցն ու դերակատարը:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր