Ներքին 5 տարի առաջ - 12:42 12-06-2021

Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է արել զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Կութ համայնքում լրագրողների հետ զրույցի ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը հիշեցրեց, որ բանակը ապաքաղաքական կառույց է։

Նա կոչ արեց քաղաքական ուժերին, ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանը զերծ պահել Զինված ուժերը քաղաքական շահարկումներից և նախընտրական քարոզարշավից։

«Այսօր մեր բանակը իր տեղում է, կատարում է իր առաքելությունը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորման հրամանատարի առաջադրանքները զորքը պատշաճ իրականացնում է»,- ընդգծեց Պետրոսյանը։

Գնդապետի խոսքով՝ կամա, թե ակամա բոլոր ներքաղաքական գործընթացները ազդեցություն են ունենում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա։

« Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելով, ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը»,- եզրափակեց Պետրոսյանը։